Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսավորման նոր տարբերակ՝ գիտության ոլորտում (տեսանյութ)

Հասարակություն
samvel-harutyunyan

Այս տարվանից գիտության ոլորտում ֆինանսավորման նոր տարբերակ կներդրվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ «Մենք ցանկանում ենք ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել, համաձայն որի գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց ստացած գիտական արդյունքների կարևորության և որակական որոշակի չափանիշների առկայության պարագայում։ Մշակվում է համապատասխան բալային համակարգ, որով կգնահատվեն ինստիտուտները»,-ասում է Սամվել Հարությունյանը։ Ըստ Սամվել Հարությունյանի ֆինասավորման այս տեսակին անցնել նախարարությունը պլանավորում էր դեռևս 2012 թվականին։ «Այս համակարգը ամբողջ աշխարհում է այսպես, անգամ ԱՊՀ երկրներում, իսկ Ռուսաստանում արդեն 3 տարի է այս համակարգն է գործում։ Ժամանակն է, որ մենք նույնպես անցնենք այս համակարգին»։ Բացի սրանից նաև նախատեսվում է իրականացնել օպտիմալացում գիտական ոլորտում։ Օպտիմալացումը կանդրադառնա միայն վարչական աշխատողների վրա և կրճատվելու են նրանց միայն 10 տոկոսը, ինչն ըստ Սամվել Հարությունյանի՝ մեծ թիվ չէ։  «Սա չի նշանակում աշխատանքից հեռացնել այդ մարդկանց։ Նրանք կարող են շարունակել գիտությամբ զբաղվել։ Բացի դա, նախատեսվում է վարչական աշխատողների տարիքային շեմը սահմանել մինչև 70 տարեկանը»,- ավելացնում է Սամվել Հարությունյանը։ Այս տարի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն իր առջև նաև երիտասարդ գիտնականների թվի ավելացման խնդիր է դրել։  «Այսօր գիտության ոլորտում աշխատող մինչև 30 տարեկան երիտասարդների թվաքանակը բավականին ավելացել է։ 30-50 տարեկանների հետ մենք հիմա ունենք խնդիրներ։Գիտնականներից ոմանք  դրսից ստանում են բարձր աշխատավարձի հրավերներ և մի մասը նրանց հեռանում է Հայաստանից»,- նշում է Սամվել Հարությունյանը։