Վաղը Սիրահարների օրն է՝ Սուրբ Սարգսի տոնը (տեսանյութ)
Հունվարի 27-ը Սիրահարների օրն է՝ Սուրբ Սարգսի տոնը։ Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է Զատիկից 63 օր առաջ: Սուրբը երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսն է։ Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվել է 5-րդ դարից: Ավանդազրույցի համաձայն՝ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեության։ Չնայած տոնը նշվում է վաղը, բայց այսօր արդեն մարդաշատ էր Սուրբ Սարգիս եկեղեցին ու բակը։ Ավանդույթի համաձայն՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում՝ հավատալով, որ երազում կտեսնեն իրենց ընտրյալին: «Ես այս տարի ուտելու եմ, բայց՝ առանց հավատալու: Ավելի շատ հավատում եմ եկեղեցում կատարվող օրհնությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մարինե Անդրեասյանը: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ տոնի խորհուրդը ոչ թե աղի բլիթով գուշակություններ անելու մեջ է, այլ՝ աղոթելու և բարեխոսություն խնդրելու: Հունվարի 27-ի առավոտյան Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Պատարագ, Սրբի մասունքակիր աջը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիս եկեղեցի, կկատարվի երիտասարդների և զինվորների օրհնության կարգ: Նույն օրը խաչերթ կկազմակերպվի դեպի Սիրահարների այգի, որը կավարտվի համերգով: Տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթները շատ-շատ են: Տոնին, երեկոյան, մարդիկ տանիքին կամ պատշգամբում փոխինձ կամ ալյուր են դնում՝ սպասելով, որ Սուրբն իր ձիու պայտի հետքը կթողնի այնտեղ, և դա տվյալ ընտանիքի համար ընկալվում է որպես հաջողության նշան: Չամուսնացած աղջիկները, մեջքով կանգնելով դեպի տան շեմը, իրենց կոշիկն են շպրտում. եթե կոշիկն ընկավ տանից դուրս գալու դիրքով, նշանակում է՝ այդ տարի աղջիկը կամուսնանա: Տոնին ընդունված է ուտել փոխինդ ու Օձի թթու կոչվող ապուրը՝ պատրաստված ոսպից, մանրաձավարից, ալյուրից ու թթվի ջրով: