Կառավարության ջանքերը զրո են. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)
ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը խոսում էր երեւույթների մասին, որոնք իրականում գոյություն չունեն, ասում է «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: «Սերժ Սարգսյանը խոսում էր Հ1-յան Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ լավ է»: Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը գոհ է Սերժ Սարգսյանի ելույթից: «Նա շեշտադրեց այն մոտեցումները, որոնք դրված են Հայաստանի առջեւ եւ չեն տատանվելու»: ՀՀԿ-ի կողմից առաջարկած ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու՝ Արմեն Սարգսյանի առաջադրումը Գեւորգ Գորգիսյանը տարօրինակ է համարում: Ստացվում է , որ Հայաստանում չկար մարդ, ով տեղյակ է ժողովրդի խնդիրներից եւ դրա համար կարիք կար դրսից մարդ բերելու: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ներկա կառավարման համակարգն արդյունավետ չի համարում: Այն արմատական փոփոխությունների կարիք ունի: «Հայաստանը գրավիչ չէ, եթե չենք ստեղծում աշխատատեղեր, այդ դեպքում բարեկեցություն ունենալ չենք կարող: Կառավարության ջանքերը զրո են»: 2018 թվականը սկսել ենք թանկացումներով, ասում է Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Ելքի ներկայացուցիչը հավատացած է, որ զանգվածային ճնշումները կտան իրենց արդյունքը: Գևորգ Գորգիսյանը երեկ է եղել Լոռու մարզում եւ անձամբ է ստուգել Դեբեդ գետը լցվող քիմիական թափոնների մասին լուրի իսկությունը: «Մի առու նկարեցինք, որը ոռոգվում է այդ ջրով, միգուցե այդ ջրով ոռոգվող տարածքների մթերքը մենք ուտում ենք: Չգիտեմ մեր կառավարությունը ի՞նչ է մտածում»: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, Դեբեդ գետից կատարվել է նմուշառում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: