Նախարարը՝ քանդվող Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի մասին (տեսանյութ)
Գրեթե մեկ տարի առաջ շահագործման հանձնված Հյուսիս- հարավ ավտոճանապարհի Երեւան- Արտաշատ հատվածի ճաքերը պետք է վերացնի կառուցապատողը: «Դեռ հանձնված չէ, իրենց սպասարկման տակ է եւ կառուցողը դա պետք է վերացնի»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը: Ճանապարհը կառուցել է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն» ընկերությունը։ 1 կմ –ի շինարարության վրա ծախսվել է 2 մլն դոլար: «Այդ կարգի շինարարության համար դա մեծ գումար չէ, կարող է եւ ավել լինել, դա կապված է ռելիեֆից, գրունտից»,- ավելացնում է Վահան Մարտիրոսյանը: Իսպանական ընկերությունը անորակ շինարարություն է իրականացրել, թե ոչ, նախարարը չի կարող ասել: Վերահսկող ընկերությունն էլ, որը հատուկ կարծիք է հայտնում, առայժմ բացասական կարծիք չի հայտնել: «Լաբորատոր փորձաքննություն գոյություն ունի, եթե լաբորատոր փորձաքննությունը ցույց տա, որ վատ է արված, դեռ սպասարկման ընթացքում է, դա պետք է վերականգնվի»,- նշում է է նախարարը: «Հյուսիս- հարավ»-ի հաշվարկային արժեքը կազմում է 1,2-ից 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ իրականացման ժամկետը՝ 2009-2019թթ: Ծրագիրը բաժանված է 4 առանձին տրանշերի՝ Երեւան-Արտաշատը, Աշտարակ-Թալին, Թալին-Գյումրի, (Գյումրի-Բավրա եւ Արտաշատ-Ագարակ: Այս պահի դրությամբ կառուցվել եւ շահագործվում է ճանապարհի մի փոքր հատվածը՝ 31 կիլոմետրը։