Սահմանապահ գյուղի ճանապարհը՝ «մեքենայի հոգին հանող» (տեսանյութ)
Սահմանապահ Մովսես գյուղից մեկնողների թիվը վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է։ Տոներին հարազատներին այցի եկածների գնալուց հետո այստեղ հիմնականում մնում են տարեցները։
3 աղջիկ, 2 որդի, 11 թոռ ու ծոռ ունեցող Վասիլ Առաքելյանը տարվա կեսը տիկնոջ հետ է անցկացնում։ 81-ամյա մովսեսցին չի մեղադրում գնացողներին։ Փոքր որդին ամեն անգամ դժվարությամբ է հրաժեշտ տալիս ծնողներին, ուզում է մնալ , բայց մնա՝ ի՞նչ անի։
Ես կյանքից շատ գոհ եմ, -շտապում է ասել Վասիլ Առաքելյանը՝ շեշտելով, որ որդիները շեն են պահում տունը։ Եկել են Մոսկվայից, նորոգել արկակոծությունից վնասված տունը։
Արտերկրում ապրողները չեն մոռանում ծննդավայրը, գումար են ուղարկում տխրության եւ ուրախության առիթների դեպքում։
Բայց նորոգել Մովսես բերող ճանապահը գյուղացիներն իրենց միջոցներով չեն կարող։
«Մինչեւ հարեւան գյուղը՝ Նորաշենը, ասֆալտապատվի։ Դա խիճ չի, դա մեքենայի հոգին հանում է,- ասում է Վասիլ Առաքելյանը,- Եթե,օրինակ, անհատական, ես կարիքներ ունենամ, բայց չեմ ուզի իմ անհատական կարիքը լուծեն, այ, այնքան տեղը թող ասֆալտապատեն, մի չորս –հինգ կիլոմետր է»։
Սահմանին ապրողները քչախոս են իրենց խնդիրները բարձրաձայնելիս։ Բայց մի բան կուզենային, որ սահմանից 221 կմ հեռու՝ Երեւանում գտնվողները հիշեին, որ Մովսեսը միայն այնտեղ ապրողների գյուղը չէ։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները պակասել են, բայց մովսեսցին չի մոռանում, որ կրակողը այն հարեւանն է, որը ժամանակին իրենց գյուղ գնալ-գալ է ունեցել
Հեռուստաեթերից հայրենասիրություն քարոզող արվեստագետներին էլ մովսեսցին ասելիք ունի։ Մանրամասները՝ տեսանյութում