Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախ գործազրկության նվազումից՝ ՀՀ-ում աղքատության ցուցանիշը չի նվազի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Gagik-Makaryan

Թեև հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականին հնարավոր է Հայաստանոմ գործազրկությունը 1-2%-ով նվազի, բայց աղքատության ցուցանիշը կպահպանվի։ Այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Գործազրկության նվազման խթաններից մեկն ըստ նրա՝ մասնավոր սեկտորում ձեռնարկությունների թվի աճն է։ Դրանց շնորհիվ այս սեկտորում զբաղվածների թիվը հասել է մոտ 330 հազարի։ «Արդյունաբերական արտադրությունները հիմնականում խթանվել են։ Շինարարությունը նույնիսկ, որ նախորդ տարիներին փոքր ցուցանիշ է ունեցել, դրա մեջ անգամ կա շատ չնչին աճ։ Դրական է՝ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը։ Արտաքին ապրանքաարդյունաբերության շրջանառությունը բավականին աճել է։ Ներքին առևտրաշրջանառությունը նույնպես էականորեն աճել է»,- հավաստիացնում է պարոն Մակարյանը։ Նրա կարծիքով՝ սա պայմանավորված է նաև տուրիզմի ակտիվացմամբ։ Ի տարբերություն այս դրական տեղաշարժերի՝ բանախոսը հետընթաց է գրանցում գյուղատնտեսության մեջ։ «Մենք մի փոքր հետընթաց ունենք, նախորդ տարիների համեմատ։ Այստեղ կառավարությունն էական հաջողություների դեռ չի հասել՝ չնայած իր ջանքերին»,- նշում է գործատուների հանրապետական միության նախագահը։ Խոսելով Կառավարության վստահության շեմի մասին՝ Գագիկ Մակարյանը փաստում է, որ ցուցանիշը պահպանվել է և դրական տեղաշարժ չկա։ Վատատեսներն ու չեզոք կարծիքներ հայտնողները դեռ շատ են։ Նա նկատում է նաև, որ Հայաստանում գնաճի կարգավորման մեխանիզմները լավ չեն կիրառվում ։ Ամեն տարի, իմանալով, որ գնաճ տեղի կունենա, չեն իրականացվում կարևոր քայլեր։ Գագիկ Մակարյանի պնդմամբ՝ առաջին կարևոր քայլը պետք է լինի կանխարգելիչ ֆունկցիաների կիրառումը։