Աստղաձորցիները պահանջում են վերադարձնել իրենց գյուղի ջուրը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները նամակներով դիմել են ՀՀ բնապահպանության, առողջապահության նախարարներ Արծվիկ Մինասյանին և Լևոն Ալթունյանին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին`պահանջելով վերադարձնել իրենց գյուղի ջուրը: Աստղաձոր համայնքը մնացել է առանց ջուր, քանի որ ջուրն ամբողջությամբ տարվել է հարևան Զոլաքար համայնք: Ջրի վերաբաշխումն իրականացվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD): Մինչև ծրագրի իրականացումը` 2016թ-ը, Աստղաձոր գետի ջուրը 5 օր տրամադրվում էր Զոլաքար գյուղին, 2 օր՝ Աստղաձորին: ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված աստղաձորցիների նամակում մասնավորապես գրված է. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բացատրությամբ Զոլաքար համայնքը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն և 15.04.2016 թ. ստացել է թիվ 000078 ջրօգտագործման թույլտվությունը «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող 4 բնական աղբյուրներից 23,1 լ./վրկ. ջրառ իրականացնելու համար: Այս ջրօգտագործման թույլտվությունը հիմք է հանդիսացել ծրագրի նախագծահաշվարկային հատակագծերով շինարարական աշխատանքի իրականացման համար: Հայտնում ենք, որ, այս ջրօգտագործման թույլտվությունը տալիս, հաշվի չի առնվել, որ Աստղաձոր գետի ջրահավաք ավազանից օգտվում է նաև Աստղաձոր գյուղը: Գյուղի շահերը և ջրի նկատմամբ իրավունքը խախտվել է: Աստղաձոր գյուղում անգամ այդ ջրօգտագործման թույլտվության նախագծի քննարկումը չի կազմակերպվել և մեր կարծիքը և ջրի նկատմամբ կարիքները հաշվի չեն առնվել: Դիմում ենք Ձեզ տվյալ ջրօգտագործման թույլտվությունը վերանայելու, Աստղաձոր գյուղի նախկին ջրօգտագործման կարգը և Աստղաձորի գյուղի բնակիչների` ջրի նկատմամբ իրավունքը վերականգնելու պահանջով»: Մյուս պատասխանատու կողմը ՀՀ առողջապահության նախարարությունն է, որին ուղղված նամակում նշված է. ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բացատրությամբ Զոլաքար համայնքը ընտրվել է` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող շարունակական վերահսկողության` բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ արդյունքները: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի (« Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»), «Տեղեկատվեւթյան ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի («Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»), «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի («Քաղաքացիներն ունեն շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք») համաձայն` խնդրում ենք տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը.
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում իրականացված շարունակական վերահսկողության փաստաթղթերի կրկնօրինակները:
- Պարզաբանել, թե ջրի որակի որ ցուցանիշով է անհրաժեշտ եղել փոխել Զոլաքարի ջրամատակարարումը:
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում իրականացված խմելու ջրի շարունակական վերահսկողության արդյունքները: