Սթրեսները կյանքի համն ու հոտն են (տեսանյութ)
Աշխատանքային առօրյային պետք է պատրաստվել նախապես, այլ ոչ թե տոներից հետո արթնանալ եւ հիշել, որ աշխատանքի ես: Ասում է Երեւանի պետական բժշկական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: Նա դրական է գնահատում նաեւ կառավարության որոշումը, ըստ որի, մեկ տարի առաջ իմանում ենք, որ հաջորդ տարվանից Ամանորին միայն երեք օր ենք հանգստանալու: Ընդհանրապես հոգեբանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ մենք տոների հոգեւոր արժեքը չենք ընկալում լիովին։ «Մեր ժողովուրդը եւ ուրախանալու եւ տխրելու պարագայում ամեն ինչ փորձում է օրալ ճանապարհով իրականացնել՝ բերանի միջոցով եւ ուտելիքների շուրջը: Մենք նույնիսկ տխրության ժամանակ այնքան շատ կերակուր ենք օգտագործում, որը սարսափելի եւ զարմանալի է, եթե նայենք ուրիշ երկրի, ուրիշ մարդու աչքերով, որտեղ նույնպես մահանում են մարդիկ: Ես ապրել եմ Ամերիկայում եւ Անգլիայում: Եւ համեստությունը ինձ գայթաղկել է նրանով, որ այցելում ես սեղանի վրա փոքրիկ թխվածքաբլիթ եւ սենդվիչներ են պատրաստված»,- պատմում է հոգեբանը: Հոգեբանն այսօր անդրադարձավ նաեւ սթրեսներին: Նրա խոսքերով՝ սթրեսները երկու մասին են բաժանվում՝ դրական եւ բացասական, օրինակ՝ դրական սթրեսներ են, երբ ընտանիքում երեխա է ծնվել, մոտենում են տոները, աշխատավարձը բարձրացրել են: «Սթրեսը մեր ամբողջ կյանքի ուղեկցորդն է եւ կյանքի համն ու հոտը, եթե մարդը սթրես չունի՝ հավանաբար նա չի ապրում, պետք է ստուգի ինքը ողջ է մնացել, թե՝ արդեն մահացած է»,- ասում է Խաչատուր Գասպարյանը: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ եթե մարդը տոներից կամ արձակուրդներից հետո հաճույքով չի վերադառնում իր նախկին աշխատանքին, դա նշանակում է, որ պետք է վերանայի իր ապրելու ոճը: «Եթե աշխատանքից բերկրանք չենք ստանում, մեր կյանքի կեսից ավելին անցնում է սթրեսի եւ բացասական ապրումների մեջ»,-եզրափակեց հոգեբանը: