ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեծ մասը աշխատանքային միգրանտներն են
«Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3300 է: 2017 թ. տվյալների համաձայն՝ նրանց 68%-ը գիտի իր կարգավիճակի մասին: Մարդկանց տեղեկացվածության բարձրացումը նպաստել է, որ բուժհաստատություններում ավելանան հետազոտությունները, ինչն էլ իր հերթին բերել է ախտորոշվածների ավելացման», - լրագրողների համար Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից անցկացվող «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքի ընթացքում նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը: Ըստ նրա՝ ՄԻԱՎ-ով ախտորոշվածների ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են 2014-ին, արձանագրվել է 334 նոր դեպք: Դրանից հետո նոր դեպքերի հայտնաբերման առումով նկատվում է կայունացում:
«Ցավոք, կայունացում չկա մահվան դեպքերի առումով: Պատճառն ուշ ախտորոշումն է: Շատ պացիենտներ ախտորոշվել են վերակենդանացման բաժանմունքներում, երբ արդեն անգիտակից վիճակում են ու հնարավոր չէ որևէ կերպ օգնել, փրկել նրանց», - նշեց Վարդան Արզաքանյանը՝ ընդգծելով, որ ինչքան վաղ ախտորոշվի մարդը և գտնվի կենտրոնի հսկողության տակ, այնքան նրա հետագա կյանքի տևողությունը ավելի երկար կլինի:
Բժիշկ-համաճարակաբանը ՄԻԱՎ վարակի կանխարգելման կարևոր մոտեցում համարեց ինքնաթեստավորման ծրագրի մեկնարկը Հայաստանում: ՀԵՀ-ը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
Իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանալ ցանկացող մարդն ինքնուրույն՝ առանց բուժաշխոտողի բժշկական միջամտության, կարող է թեստն անցկացնել ու 60 վայրկյանում իմանալ արդյունքը: Դրական պատասխան ստանալու դեպքում Վարդան Արզաքանյանը խորհուրդ տվեց դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ հետազոտությունը, հիվանդների հետագա դիսպանսեր հսկողությունը և բուժումը անվճար են:
Վարդան Արզաքանյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների ճնշող մեծամասնությունն աշխատանքային միգրանտներն են, ովքեր վարակն իրենց հետ բերում են Ռուսաստանից: ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկային խմբում են նաև մարմնավաճառները, միասեռականները, ներերակային ձևով թմրամիջոց օգտագործողները:
