«Շուկայում տեղականի հետ իրացնում են ներկրված հիբրիդացված մսատեսակներ»
Ֆերմերային տնտեսությունները ծանր ու քաոսային վիճակում են։ Այս մասին ահազանգում է «Գերաստղ» ֆերմերային տնտեսության տնօրեն Տիգրան Եղոյանը։ Ըստ նրա՝ Կառավարությունը, ի դեմս Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների, հանցավոր գործունեություն են ծավալում գյուղի և գյուղացու հանդեպ։ Եղեգիս գետը, որի մի հատվածում իրենք ֆերմերային գործունեություն են ծավալել, ցամաքել է վրան կառուցված 19 ՀԷԿ-երի պատճառով, 20-րդ ՀԷԿ-ն էլ վերջերս են հայտնաբերել։ Գյուղնախարարությունը հերքում է այդքան ՀԷԿ-երի գոյությունը, ընդունում է միայ 7-ի առկայության փաստը։ Ուրիշ խնդիր է Ամուլսարի հանքավայրը, որից ձնհալի միջոցով ցիանիդն արտահոսում և խառնվում է ջրային պաշարներին։ Այսօրվա ասուլիսի ընթացքում ֆերմերն անդրադարձավ ԳԱՄԿ-ին (Գյուղական աջակցության մարզային կենտրոններ) և հայտարարեց, որ այդ ծրագրով «500 միլիոնի մսխում է տեղի ունեցել»։ Ֆերմերի կարծիքով՝ այն իրեն չի արդարացնում, կոնկրետ մեղվաբուծության բնագավառում անընդունելի են մեղուներին շաքարով կերակրելը, քիմիական նյութերով ախտահանելը և այլն։ Տիգրան Եղոյանը նշում է, որ շուկայում մսի գնաճը պայմանավորված է տեղական միսը իրանական շուկա արտահանելով. «Մեր մայրական կազմը հանեցին իրանական շուկա, մսի գինը բարձրացավ։ Այժմ տեղական մսի հետ խառը իրացնում են դրսից բերված հիբրիդացված մսեր։ Տավարի և ոչխարի միսը ուսումնասիրել ենք, հաստատ գիտենք, խոզի մսի մասին ոչինչ ասել չեմ կարող»։ Ա1+-ի հարցին՝ հատուկ նպատակո՞վ են տեղականն արտահանում, դրսի էկոլոգիապես ոչ մաքուրը ներմուծում, բանախոսը պատասխանեց.»Իմ կարծիքով՝ դրսի ուժերի թելադրածն է: Դրանք վարկային ծրագրեր են, որ բերեցին Հայաստան ու մսխեցին, ու էսօր էդ ամբողջ պարտքը թողնում են մեր սերունդների վզին»: Ի դեպ, Վրաստանի Մառնաուլի շրջանից, որտեղ մեծամասամբ ադրբեջանցիներ են բնակվում, ֆերմերային գործունեությամբ զբաղվելու լավ հնարավորություններ են առաջարկել, սակայն մի պայմանով՝ հայկական այծատեսակներն աշխարհին ներկայացնել որպես կովկասյան։ Առաջարկը մերժվել է։