ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը իր դրական եզրակացություն տվեց նաև «Զինծառայության մասին» պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։
Հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:
Օրենքով նախատեսվող փոփոխություններից են․
Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այսօր պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև «Պաշտպանության մասին» նախագծին և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։
------------------------------------------------------------------------
Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը:
Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաեւ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը:
Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա եւս: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկների մի մասն ընդունվել է: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման եւ գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը:
Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները:
Երկրորդ ընթերցումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել է արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքները: Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման ստացման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաեւ իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաեւ կրթության հաջորդական փուլերի ապահովման համար:
Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ եւս հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
.....................
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստը տապալվել էր քվորում չապահովվելու պատճառով։ Իսկ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ին, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: