Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆուտբոլում պետք է վերջ տանք ներքին տարաձայնություններին». Հովհաննես Աբրահամյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
omik

«Երբ խոսք է գնում «Արարատ-73-»-ի փառահեղ հաղթանակների մասին, ես առաջին հերթին հիշում են այն ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Ինքը նախկինում ֆուտբոլ էր խաղացել «Պոլիտեխնիկ» թիմից, դրա համար շատ նվիրված էր մարզաձեւին: Հենց նրա անմիջական աջակցությամբ կառուցվեց Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ «Արարատի» համար ստեղծվել էին բոլոր պայմանները մարզվելու եւ վերականգնվելու համար: Կարեն Դեմիրճյանը միշտ հետաքրքրվում էր թիմի գործերով, ուգեւորում էր ֆուտբոլիստներին՝ ասելով. «Աշխատեք, անընդհատ աշխատեք, ինչ ունենք չունեք ներդրեք հաջողության հասնելու համար: Տղաներն էլ այդպես էին անում՝ ջանադրաբար մարզվում էին, իսկ խաղադաշտում մինչեւ վերջ պայքարում էին: Արդյունքների մասին բոլորս էլ գիտենք», - «Ա1»+ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց նախկին ֆուտբոլիստ Հովհաննես «Օնիկ» Աբրահամյանը, որը եղել է «Արարատ-73» լեգենդար թիմի պետը: Դեկտեմբերի 6-ին լրանալու է անվանի վետերանի 85-ամյակը: Նա այժմ ցավով է խոսում հայկական ֆուտբոլի մասին: «Նախ, առանց պետական աջակցության, կարծում եմ, հնարավոր չէ զարգացնել ֆուտբոլը: Երկրորդ, մեր ֆուտբոլային ղեկավարները պետք է պահանջկոտ լինեն: Միայն մարզիչ կանչելով կամ նշանակելով չէ: Ղեկավարը պետք է միշտ հսկողության տակ պահի նրանց, արդյունք պահանջի: Այսօր այնպիսի տպավորություն եմ ստանում, որ դա բացակայում է մեր ֆուտբոլում: Բացի այդ, ներկայումս մեր մարզիչներն ու ֆուտբոլիստները լրջորեն չեն մոտենում իրենց աշխատանքին: Օրինակ, ֆուտբոլում ամենահասարակ տարրը գնդակը եզրից նետելն է: Սակայն մեր ֆուտբոլիստների մեծ մասը դեռեւս չգիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ նետել գնդակը խաղընկերոջը: Թվում է, որ կամ ֆուտբոլիստները չեն լսում մարզիչներին, կամ էլ  վերջիններն են անտարբեր: Իսկ ֆուտբոլում հաջողության հասնելու համար պետք է հաշվի առնել բոլոր մանրուքները»: Հովհաննես Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ֆուտբոլի զարգացման համար, սակայն դրա համար հարկավոր է ցանկություն, համախմբում եւ ճիշտ աշխատանք: «Վերջերս տեղեկացա, որ Արկադի Անդրեասյանին երկու տարով որակազրկել են, ինչ է նա վիճաբանել է մրցավարի հետ կամ մի փոքր հրել: Բայց ֆուտբոլում նման բաներ հաճախ են պատահում, քանի որ այն տաքարյուն սպորտաձեւ է եւ շատ հաճախ մասնակիցները չեն կարողանում զսպել կրքերը: Ղեկավարները պետք է հասկական, որ մենք կորցնում ենք Անդրեասյանին, որը խաղացող ժամանակ միայնակ պարզապես հեղափոխություն էր կատարում խաղադաշտում: բացի այդ նա այն մասնագետներից է, ով լավ հասկանում է ֆուտբոլը, գիտի բոլոր գաղտնիքները: Պետք է վերջ տանք ներքին տարաձայնություններին եւ բոլորս համախմբված, միասին մտածենք հայկական ֆուտբոլի զարգացման մասին», - եզրակացրեց անվանի վետերանը: