Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու». Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan-safaryan

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դահլիճ բերվեց 4 ժամով հեռացված Գևորգ Սաֆարյանը։ Նա դատավոր Տաթևիկ Գրիգորյանին հարցրեց, թե ուր է իր պաշտպանը. «Եթե ես դատարանում եմ, իմ կողքին պետք է լինի Տիգրան Եգորյանը»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։ Դատավորը զգուշացրեց ոտքի կանգնել դատարանին դիմելիս, այնուհետև նրան հեռացրեց նիստերի դահլիճից։ «Իրենք ուղղակի հրաման ունեն առանց մեզ դատ անելու»,- դահլիճից հեռանալիս ասաց Գևորգ Սաֆարյանը։ Դահլիճ բերվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Դատավորն զգուշացրեց, որ եթե ուզում է հայտարարություն անել, ապա պետք է պահպանի կարգը և կանգնած դիմի դատարանին։ Սակայն Սեֆիլյանը հայտարարություն չարեց, նրա փոխարեն հայտարարությունն ընթերցեց Տիգրան Հայրապետյանը, ըստ որի՝ լիազորեց Արա Զաքարյանին և Տիգրան Հայրապետյանին՝  նաև իր բացակայության ժամանակ ներկայացնել շահերը։ Այս հայտարարությունից հետո հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, որը ներգրավվել է որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, հեռացավ նիստերի դահլիճից։ Տիգրան Հայրապետյանն այնուհետև միջնորդեց Ժիրայր Սեֆիլյանին՝ պարզաբանել իրեն առաջադրված մեղադրանքի բնույթն ու հիմքերը։ Մյուս պաշտպանները եւս միացան, դատախազն առարկեց միջնորդության  դեմ, դատավորն էլ գտավ, որ միջնորդությունն անհիմն է։ Դա էլ հիմք հանդիսացավ, որ Տիգրան Հայրապետյանը մոտ 1 ժամանոց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատավորին։ Այս պահին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։