«Հայաստան կտանեի կյանքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը»
Արսեն Արզումանյանը մեկն է հայ երիտասարդներից, որը ՀՀ և Ռումինիայի կառավարությունների միջև կրթության բնագավառում ձեռք բերված համագործակցության շնորհիվ դոկտորանտի կրթություն է ստացել Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ այժմ ուսումը շարունակում է նույն համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում՝ համատեղելով նաև աշխատանքը: Արսենը Բուխարեստում առաջին անգամ աշխատել է որպես Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար և Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի խորհրդական, իսկ նրա հրաժարականից հետո տեղափոխվել է աշխատելու Ռումինահայոց Միությունում, այս տարվա ապրիլից նաև՝ ՀՀ դեսպանատուն: Ռումինիայում աշխատանք գտնելը հեշտ էր նաև Մկրտիչ Կարապետյանի համար, որն իր դոկտորանտի կրթությունն է ստանում Բուխարեստի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում. «Արդեն չորս տարի է, ինչ Ռումինիայում եմ և երեք տարի է, որ աշխատում եմ կանադական հեռահար զանգերի ընկերությունում՝ վաճառքի բաժնում», - նշեց Մկրտիչը՝ ավելացնելով, որ նախկինում աշխատանքային փորձ չի ունեցել: Երիտասարդների կարծիքով՝ Հայաստանն օտարերկրացիներին ներկայացնելու լավագույն միջոցը հենց իրենք են: Մարդը, որը երբևիցե չի լսել Հայաստանի մասին, առաջին հերթին իրենցով է չափելու, թե ովքեր են հայերը, իսկ հարցին, թե ինչ կտանեին Ռումինիայից Հայաստան, Արսենը պատասխանեց. «Կյանքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Երբեք չես կարող ասել, որ Ռումինիան այն զարգացած երկիրն է, որտեղ բոլորը երջանիկ են, բայց նրանք միշտ ժպտում են: Երիտասարդությունը կարծես նույն «մթնոլորտի» մեջ լինի. հիմնականում ուրախ և արտաքուստ անհոգ հատվածն է, որը հասցնում է և՛ սովորել, և՛ կյանքը վայելել ու ամեն ինչին թեթև է նայում»: Միջպետական ծրագրով Ռումինիայում կրթություն ստացող ուսանողների կարծիքով՝ արտերկրում սովորել պատրաստվող երիտասարդի ճամպրուկից պետք է չպակասեն հայկական հուշանվերները, որոնք դրսում սովորելու ընթացքում պետք է նվիրի իր ընկերներին. «Դու կսովորես, կվերջացնես ու հայրենիք կվերադառնաս, բայց իրենց մոտ կթողնես մի մասնիկ քեզնից ու Հայաստանից»: Հասմիկ Կոշկարյան ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող