Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուն ստիպում են բանտ վերադառնալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vahan

Արդարադատական համակարգի չար կատակը մղձավանջի է վերածել Վահան Գրիգորյանի կյանքը։ Անկախ հանձնաժողովի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի բնակիչը երկու ամիս առաջ վաղաժամկետ ազատ է արձակվել Արմավիր ՔԿՀ-ից։ Ու մինչ կհասցներ վերադառնալ առօրյա կյանքին, Վերաքննիչը բեկանել է Էջմիածնի Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վճռելով նրան հետ վերադարձնել բանտ։  «Իմ մարդկային տվյալները, իմ նստածը հաշվի առնելով  ազատել են։ 15 հոգի որոշել են, որ ես ենթակա եմ ազատ արձակման, մի դատավոր, վերաքննիչի նստած որոշեց, որ չէ, ես ենթակա չեմ, որովհետև կալանքի ժամանակ նկատողություններ եմ ստացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Վահան Գրիգորյանը։ Նա 2014-ին շորթման և կաշառք տալու մեղադրանքով ազատազրկվել է 5 տարի ժամկետով։ Բանտում անցկացրել է 3 տարի 6 ամիս։ Նա 200 դատապարտյալներից այն 3 երջանիկների շարքում է, որոնց Անկախ հանձնաժողովը վաղաժամկետ ազատ է արձակել։ Իր կարծիքով՝ բանտ հետ ուղարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է կասկածելի հիմքերի վրա. «Ասում է կալանքի ընթացքում 5 հատ նկատողություն ես ստացել, դրա համար էլ քեզ պիտի հետ տանենք, բայց 5 նկատողության դեպքում ես ընդամենը 9 օր եմ պատժախուց նստել։ Վերջին 3 նկատողությունը եղել է դիտողության պես մի բան, ընդամենը»։ Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանը չի խորացել, թե որտեղից են առաջացել 5 նկատողությունները, այդպիսով՝ վճռելով Վահան Գրիգորյանի ճակատագիրը։ «Պետը իմացել է, որ ես չեմ մեղավոր, անկախ իմ կամքից ընկել եմ վիճաբանության մեջ, եթե պետը դա չգնահատեր, ինձ ազատելու դաբրո չէր տա։ Մարդկանց ստորացնելու, մարդկանց նվաստացնելու քայլ է դատախազի ու Վերաքննիչի դատավորի կողմից, որ իրենց պաշտոնը օգտագործում են մարդկանց նվաստացնելու համար»,- մեկնաբանում է Վահան Գրիգորյանը։ Վահան Գրիգորյանն ընտանիք վերադարձից հետո աշխատանք է գտել, վաստակում է ընտանիքի հացը։ Պատրաստ է հանրային աշխատանքով ապացուցել, որ ինքն ուղղվել է և բանտն այլևս իր տեղը չէ. «Երեք թոռան տեր մարդ եմ, իմ ընտանիքին, կնոջս, երեխեքին պիտի թողնեմ, գնամ նորից նստեմ, ինչի՞ համար, չես հասկանում։ Ես արհեստավոր մարդ եմ, իմ կալանքը ինչքան որ կա, պատրաստ եմ կցվել որևէ մանկապարտեզի, դպրոցի էդ ընթացքում գնամ աշխատեմ էդ դպրոցներում, անվճար»։ Նախկին դատապարտյալի նկատմամբ անմարդկային մոտեցում է ցուցաբերվում, համոզված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը. «Մի քանի տարի ազատազրկումից հետո անձին դու ազատ ես արձակում, ինքը հայտնվում է ազատության մեջ, հետո կրկին՝ նոր որոշում, որ իրեն պետք է հետ ուղարկվի բանտ, դա անմարդկային դրսևորում է՝ հաշվի առնելով, թե անձը ինչ հոգեկան ապրումների մեջ է գտնվում»։ Անկախ հանձնաժողովների նկատմամբ վստահությունն առանց այն էլ բավականին ցածր է, ու եթե բացառիկ արդյունավետ որոշումը դատարանը չեղարկում է, դա նպաստում է արդարադատական համակարգում ճգնաժամի խորացմանը։ «Իմ կարծիքով այս կարգը մոտ ժամանակներում նորից փոփոխության է ենթարկվելու, որովհետև արդեն շատ լուրջ խնդիրներ են արձանագրվում դատապրոցեսների ժամանակ»,- ասում է Ռոբերտ Ռևազյանը։ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չի հասել Վահան Գրիգորյանին։ Այն ստանալուն պես նախկին դատապարտյալը կբողոքարկի Վճռաբեկ ատյանում։ Այստեղ էլ արդարության չհասնելու դեպքում գործը կարող է հասնել Եվրոպական դատարան։