Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան Յունայթեդը» կրկին ցրվեց

Սպորտ

Այն, որ հայկական ֆուտբոլում անլուրջ ակումբների պակաս չկա, դա հայտնի է վաղուց: Սակայն, երբ նույն ակումբը երկու անգամ է ցրվում, դա արդեն նորություն է: Այսօր հայտնի դարձավ, որ «Երեւան Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չի մասնակցելու շուտով մեկնարկելիք Հայաստանի գավաթի խաղարկությանը, ինչպես նաեւ առաջին խմբի առաջնությանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց թիմի պետ Ալեքսանդր Սարգսյանը, որը ցավով նշեց, որ ակումբի ողջ անձնակազմը եւ ֆուտբոլիստները հայտնվելու են պարապուրդի մեջ: Իսկ պատճառը ֆինանսների բացակայությունն է:

Ակումբի սեփականատեր եւ հովանավոր, ավստրալահայ Տիգրան Հովիվյանը դեռեւս 2005թ. հիմնելով այս ակումբը, մի քանի ամիս անց, անհետ հեռացել է Հայաստանից` ակումբը թողնելով փաստացի «անտեր»: Որոշ ժամանակ անց Հովիվյանը Ավստրալիայից նամակ էր ուղարկել, որտեղ նշել էր, թե նոր հովանավորներ է փնտրում, ու տեղեկացրել, որ կվերադառնա: Այդպես էլ եղավ. նա վերադարձավ, եւ 2006թ. նոյեմբերին ակումբը կրկին վերածնվեց եւ կրկին Տիգրան Հովիվյանը վստահորեն հայտարարում էր թե լուրջ թիմ են ստեղծելու, որը մեծ հաջողություններ կունենա:

Ինչպես ցույց տվեց ժամանակ, դրանք ընդամենը հայտարարություններ էին, քանի որ հենց նա օրերս Ավստրալիայից նամակ է ուղարկել, որտեղ նշել է, թե ֆինանսական խնդիրները չեն լուծվում: Ուստի ակումբի ֆուտբոլիստները կրկին գործազուրկ կդառնան:

Հետաքրքիր է նաեւ, որ դեռ չկայացած ակումբը իր պաշտոնական կայքն էր հիմնել, եւ ֆուտբոլասերներին բավական թանկ գներով առաջարկում էր գնել «Երեւան Յունայթեդի» մարզաշապիկներ եւ այլ ատրիբուտներ: