Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները նորմալ գործ չեն կարողանում սարքել» (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-hayrapetyan

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո Եղնուկյանի ընտանիքի հանդեպ ակնհայտ ընդգծված վատ վերաբերմունք է դրսեւորվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանն ընդգծեց, որ   սա ոչ թե մի օրվա,  այլ չորս տարվա ընդգծված վերաբերմունք է ընտանիքի անդամների նկատմամբ:  Ընտանիքի անդամների նկատմամբ վերջին ճնշումը եղավ այն ժամանակ, երբ  նրանք Հայաստան- Սփյուռք համաժողովից առաջ ցանկացել էին տեղեկացնել, որ սփյուռքահայեր Կարո Եղնուկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների համար:  Սակայն ընտանիքի անդամներին դա չի հաջողվել, միանգամից բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:  «Բաժնում խառնաշփոթ էր տիրում, առանձին սենյակներում  բոլորիս նստեցրին: Միայն անձնական տվյալներ էին ճշտում, մեկը մյուսի վրա էր գոռում:  Այդ ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչները մոտեցան, եւ միայն  4  ժամ անց ընթերականեր բերեցին: Ես   դրսից եմ իմացել, որ  այլ պատրվակով էին բերել՝ պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով»,- ասաց Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:  Նրա խոսքերով՝ եթե իրենց բերման էին ենթարկում  պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով, ինչու  հենց սկզբից խուզարկություն չեն արել: «Եթե այսպիսի գործողությունների են գնում, չեմ զարմանա, որ տանիքից,   մեքենայից  ինչ – որ բան գտնեն»: Իսկ Կարո Եղնուկյանի աղջիկը՝ Էլմոնեն էլ ավելացրեց, որ չորս ժամ հետո  երբ իրեն ցանկացել են խուզարկել,  ոստիկանության ներկայացուցիչը պարզապես հարցրել է. «Բալիկ ջան, չստուգեմ ներքնազգեստդ, ի՞նչ արգելված իր ունես»: Կարո Եղնուկյանի մյուս պաշտպանը՝ Նինա Կարապետյանցն  էլ ավելացրեց, որ որեւէ տրամաբանություն չկա  երեխաներին եւ ընտանիքին բերման ենթարկելու մեջ: «Այնքան ապաշնորհ  են մեր իշխանությունները, որ նորմալ գործ չեն կարողանում սարքել, այս աստիճանի բացահայտ հետապնդում է»,- ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահը:   Բերման ենթարկելու բարոյական  վնասի  փոխհատուցման համար  դիմում է  ներկայացվել  Վարչական դատարան:   Ինչպես նաեւ  հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազին: