Ամբերդի ՀԷԿ-երի պատճառով հողը 3 ամիսը մեկ է ոռոգվում (տեսանյութ)
Ընդամենը մեկ մթերման կետի բացման արդյունքում Արագածոտնի մարզի Ավան համայնքում 4 ամսվա ընթացքում մոտ 50 մլն դրամի շրջանառություն է եղել՝ գյուղացիներից մթերվել է 8 հազար կգ խոզի, 2000 կգ տավարի միս, 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր: «Էս տարի շատ լավ էր շահույթը՝ նաեւ կոոպերատիվը օգնեց մեզ՝ գառներ եմ հանձնել էնտեղ, էլ Երեւան չեմ հասնում: Մոտավորապես հաշվել եմ՝ 1 մլն 800 հազար տվել եմ յուրաքանչյուր աշխատողիս, իսկ իմ շահույթը 10 մլն դրամից ավելի է եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց Ավան համայնքի բնակիչ Վարդան Հարությունյանը: «Ամենակարեւորը՝ համ տեղում են փողը տալիս, համ ճանապարհածախս չենք անում, համ ղասաբը չի գալիս հետո երկու ամսից փողը տալիս, կամ, որ գալիս է մի կիլո թափում է»,- նկատում է Ավանի համայնքապետ Սաշա Թորոսյանը: Մթերման կետը բացել է գործարար Դավիթ Երեմյանը՝ նպատակ ունենալով զարգացնել բիզնես-գյուղ համագործակցությունը: «Շահութաբերության առումով մենք միշտ ունեցել ենք սոցիալական ծրագրեր: Այս նախագիծն այդ ծրագրերին համապատասխանում է, քանի որ մենք շատ չենք կենտրոնանում շահութաբերության վրա»,- վստահեցնում է «Երեմյան փրոջեքթ»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը: Անասնապահությամբ ու այգեգործությամբ զբաղվող Ավան համայնքն ունի 220 տնտեսություն, 860 բնակիչ: 10 տարի շարունակ օրախնդիր է մնում ջրամատակարարումը։ «Ամբերդում երեք ՀԷԿ է կառուցվել, որի պատճառով մեր գյուղում ոռոգումը 80-90 օրը մեկ անգամ է իրականացվում: Սարսափելի է»,- նշում է Ավան համայնքի բնակիչ Ռոբերտ Հարությունյան: «ՀԷԿ-երի իրական տերերի անունները երբեք չեն տալիս. տալիս են ինչ-որ պարսիկի անուն: Դա հնարավոր չէ. դա վերեւների խնդիրն է: Իրենք շատ լավ գիտեն, դրա համար մեկը մյուսին շատ լավ պահում է»,- կարծում է Ավան համայնքի բնակիչ Սամվել Մանուկյանը: «ՀԷԿ-երը իսկական չարիք են. ձմռանը չեն թողնում, որ ջրամբարները ջուր կուտակվի, ամառվա ոռոգման սեզոնին աշխատում են մինչեւ վերջ ու չեն թողնում, որ ջուրն այգիներին հասնի»,- նշեց Ավանի նախկին համայնքապետ Գեւորգ Գալստյանը: Ձմեռնամուտը գյուղը կրկին կդիմավորի առանց գազաֆիկացման. տները կրկին կջեռուցեն հին մեթոդներով՝ աթարով եւ այգիներից հավաքած ցախով: