Բժշկական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումների թիվն աճում է
Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում չի եղել մահվան որեւէ դեպք` կապված արհեստական եղանակով հղիության ընդհատման հետ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Ըստ բանախոսի` սա խոսում է աբորտների անվտանգ ընթացքի մասին: Օրենքով չնախատեսված դեպքերում 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը մեր երկրում արգելվում է։ 2016 թվականին ընդունված օրենքի համաձայն, հղիության արհեստական ընդհատման դիմած կնոջը տրվում է վերջնական որոշում կայացնելու համար երեք օր ժամանակ: Հաճախ հենց այդ երեք օրերի ընթացքում կանայք հետ են կանգնում հղիությունն արհեստական ընդհատելու մտքից։ Գայանե Ավագյանը հիշեցրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը ՀՀ-ում արգելվում է. «Եթե բուժաշխատողը կնոջը չտա այդ 3 օր ժամանակը եւ կատարի արհեստական ընդհատում, ապա կենթարկվի տուգանքի՝ աշխատավարձի 80-100-ապատիկի չափով»: 2016-ին Հայաստանում գրանցվել է 2235 ինքնաբեր վիժում: Մեծացել է բժշկական ցուցումներով կատարվող՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը: Եթե տասը տարի առաջ դրանց թիվը տարեկան կազմում էր 300-400 դեպք, ապա վերջին տարիներին այդ թիվը հասել է 1500-1700-ի: Սա նշանակում է, որ սկրինինգային հետազոտություններ իրականացնելով՝ կարողանում ենք վաղ հայտնաբերել պտղի զարգացման արատները, ասում է բանախոսը. «Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին առկա է աբորտների նվազման միտում: Եթե 2000 թվականին մեկ կնոջը բաժին հասնող աբորտային գումարային գործակիցը կազմել է 2.6, ապա 2005-ին այդ ցուցանիշը իջել է 1.8-ի, 2010-ին՝ 0.8-ի, իսկ ահա 2015-ին՝ 0.6-ի: Հատկանշական է, որ աբորտների և ծննդաբերությունների թիվը բավական նվազել է նաև դեռահասների շրջանում»,- նշեց Գայանե Ավագյանը՝ հավելելով, որ հղիության արհեստական ընդհատման հետևանքով առաջացած բարդություններից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 70-80 հազար կին: