Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

300 քաղաքացի զրկվել է դեղից, որի շնորհիվ ամուսնանում են, երեխաներ ունենում. ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-nkar

Վտանգված է հոգեկան առողջության խնդիր ունեցող 300 քաղաքացու առողջությունը։  «Նրանք վատ են զգում՝ գլխապտույտ, մտքեր, ակտիվության կորուստ, վերջին դեղերից մի 15-20 շահառուներ անընդհատ քնի կարիք են ունենում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանը։ Կառավարությունն այս տարվա մարտին կասեցրել է  «Արտահիվանդանոցային բուժում Զիպրեքսա դեղով» ծրագիրը։ Ինչի արդյունքում 300 շահառուներն այլևս չեն ստանում Զիպրեքսա դեղամիջոցը։ Ծրագրի կասեցման հիմք Կառավարությունը համարում է բյուջեում գումար չունենալը։ Տրվում են փոխարինող դեղեր, որոնք ոչ արդյունավետ են։ Կարինե Թուխիկյանն ռաջարկում է անցկացնել մոնիթորինգ ու պարզել, թե շահառուներից ում դեպքում որ դեղն է արդյունավետ ու տրամադրել հենց այդ միջոցը. «Նրանք այդ լավ դեղի շնորհիվ ամուսնացել են, նրանց հասարակությունն ընդունել է, վերականգնվել է նրանց բաժանված ընտանիքները, երեխաներ են ունենում, աշխատում են, բայց այսօր այլևս չեն կարող։ Շատերը չգիտեն, որ նրանք խնդիրներ ունեն, բայց հիմա դա արտահայտվում է»։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այդպես էլ չմոտեցավ Կառավարության շենքի առաջ իրեն սպասող քաղաքացիներին։ Այստեղ են նաև «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարության գործողություններից տուժած քաղաքացիները։ Տասը տարի առաջ տասնյակ քաղաքացիներ բնակարանի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարության հետ։ Բնակարանի գինը վճարել են նախօրոք, բայց այդպես էլ բնակարանամուտ չեն տոնել։ Կոոպերատիվի տնօրենը շինարարությունը շարունակելու համար գումար չունենալու պատճառաբանությամբ տոկոսով գումարներ է վերցրել, ըստ քաղաքացիների՝ վաշխառուներից, և գրավադրել արդեն իսկ վաճառված բնակարանները։  «Պետք է անպայման կոոպերատիվի խորհրդի որոշում լիներ, բայց կոոպերատիվի անդամները անգամ տեղյակ չենք եղել այդ գործարքների մասին։ Իրենք հանցավոր համաձայնության են եկել, իրենց համար շահավետ գործարնքներ են կնքել»,- ասում է խաբված բնակիչներից Արուսյակ Վանյանը։ Հայկ Համբարձումյանը ևս տուժած քաղաքացիներից է։ Նորակառույց շենքում 1 սենյականոց բնակարանի համար 30000 դոլար է վճարել, բայց սեփականատեր դարձել է ոչ թե ինքը, այլ Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքը։  «Ոչ մի հարց չենք կարողանում մինչ օրս լուծել, մինչ օրս խաբում են»,- ասում է Արուսյակ Վանյանը։ Հայկն ու մյուսները չեն կարողացել բնակարանները վերադարձնել դատական ատյանների միջոցով։ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունից տուժած քաղաքացիները հարցի լուծումն սպասում են վարչապետ Կարեն Կարապետյանից։ Ոչ իր անձնական խնդիրներով Գործադիրի շենքի մոտ է նաև 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից Արսեն Ավետիսյանը։ Մարտական գործողությունների մասնակցել է Ջաբրայիլի ուղղությամբ՝ «Սև հովազ» ջոկատի կազմում։ Իշխանությունից պահանջում է բանակի համար զենք գնել. «Ապրիլյան պատերազմին ես տեսա, որ երեխաները զոհվեցին զենք չլինելու պատճառով։ Մենք այսօր չունենք նորմալ զենք, որ թշնամու ռակետների դեմը պահենք։ Կռասուխա 4-ը երբ միանում է, 500 կիլոմետրի վրա թշնամու ոչ մի էլեկտրոնիկա չի աշխատում, բա չառնե՞ն էդ թալանչիները»։ Արսեն Ավետիսյանն անհիմն է համարում պաշտոնյաների հակադարձումները, թե բանակի զենքի համար գումար չկա. «Մարդ դարձեք վերջապես, Հայաստանը վտանգի տակ ա, զենքով ապահովեք, ձեր էդ միլիարդների մի մասը դրեք զենքեր գնեք, ով չգիտի, որ Քոչարյան-Սերժիկ-Սաշիկը միլիարդներ ունեն»։ Սեպտեմբերի 19-ին Արսեն Ավետիսյանը նույն պահանջներով  եղել է նախագահականի մոտ։ Բայց ակցիան մնացել է անավարտ՝ ոստիկանները նրան հեռացրել են Բաղրամյան 26-ից։