Ո՞Վ Է ՆԱՐԻՄԱՆՈՎ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԱԿԱԼԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Արամ Զավենի Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արամ Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան եւ ՀՀՇ-ի լավագույն հատվածը: Սրանք են ռեալ ընդդիմությունը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Իսկ ի՞նչ էր խանգարում ռեալ ընդդիմությանը հանդես գալ դաշինքով Ա1+ի հարցին՝ պարոն Կարապետյանը պատասխանեց.«Շատ պարզ հաշվարկ էր: Եթե միանայինք, 1 ժամ պետք է ստանայինք: Հիմա ունենք 4 ժամ: Իհարկե, այլ պատճառներ էլ կան»: Այլ պատճառները Արամ Կարապետյանը խոստացավ մանրամասնել ուղիղ եթերում: Ինչ վերաբերում է ամբողջ ընդդիմադիր դաշտի չմիավորվելուն՝ «Նոր Ժամանակների» առաջնորդը չթաքցրեց, որ ընդդիմադիր դաշտում այսօր ոչ սթափ մտածողներ կան:
«Եթե դու գիտես, որ մարդուն կանչել են նախագահական նստավայր եւ հստակ հրահանգ են տվել քանդել ամեն ինչ: Ի՞նչ խոսես այդ մարդու հետ, որին հստակ առաջադրանքով գցել են դաշտ»,- առանց անուններ նշելու ընդդիմադիր որոշ գործիչների բնութագրեց Արամ Կարապետյանը:
Նա խոստովանեց, որ ուղղակի չի հասցնում պայթեցնել դրանք. «Հա փորձում ենք ականազերծել, դատարան էլ հասա, մեռանք պայթացնելով»: Այդպիսի դաշտում, Կարապետյանի կարծիքով, պետք է ներկայացնել, որ այսինչ կամ այնիչ մարդը ընդդիմադիր չէ եւ խցանի նման եկել փակել է ամեն ինչ: «Մեկը եկել փակել է, որովհետեւ այդպես են մտածում ընտանիքի անդամենրը, մեկն ուղղակի ընդդիմություն է աշխատում: Մեկի ընտանիքի անդամները նրան հավաստիացրել են, որ որ տարիքում էլ լինի, նախագահ է դառնալու:
Մեկը փող է տալիս, ընդդիմություն է գրվում, սակայն բոլորդ էլ գիտեք, որ նա ընդդիմադիր չէ: Եթե մարդը ՊՆ-ից բացահայտ պատվերներ է ստանում եւ հագուստ կարում, ինչպե՞ս կարող է նա ընդդիմադիր լինել, իսկ այսօր նա նորից հայտնվել է ընդդիմության ցուցակում, գնալու եւ հայհոյելու է իրեն պատվեր տվողին եւ ընդդիմադիր է խաղալու»,- ասաց նա: Նրա կարծիքով այսօր իշխանություններն առաջնորդվում են՝ «ում ուզեն կառնեն սկզբունքով»:
Իսկ իր նկատմամբ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը. «Կարապետյանը գնալու է Աշտարակ: Ի՞նչ անենք. դեմն առնենք՝ չի վախենում, ագենտուրան օգտագործենք՝ չի լսում: Ի՞նչ է եղել. պագրիշկեքը ծակենք, թող տեղում կանգնած մնա, եթեր մի տվեք՝ չի խոսա»: Ընդդիմադիր դաշտից պարոն Կարապետյանը անցավ իշխանական դաշտ եւ նկատեց. «ԲՀԿ-ի ցուցակի ինտելեկտուալ պոտենցիալը բարձր է, իսկ հոգին շատ ցածր, իսկ քաղաքական պոտենցիալ ընդհանրապես չկա»:
Գործակալների թեման շարունակելով` նա ասաց. «Մեր իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ուղղակի երկրի թշնամի են: Չի կարող մարդը 1986թ-ին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեջ վերցնի՝ Նարիմանով ազգանունը եւ դառնա վարձու գործակալ: Միայն հոգեբանությամբ հիվանդ մարդը կարող է ադրբեջանցու ազգանունով դառնա գործակալ: Այսօր նա մեր ամենաբարձր տեղում է եւ վերջնականապես որոշել է ամեն ինչ քանդել»: Իսկ թե ով է Նարիմանովը, պարոն Կարապետյանը կրկին խոստացավ բացահայտել ուղիղ եթերում: