Ավագ սերնդի միավորումը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Այսօր տեղի ունեցավ Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության անդամների հանդիպումը ՀՀ առաջին արտգործնախարար, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար, ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Քննարկվեց, թե ինչպես է հնարավոր դուրս բերել Հայաստանը այս խորը ճգնաժամից, եւ ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը դառնա բարեկեցիկ եւ արդար երկիր, որպեսզի հայաստանցիների զավակները եւ թոռները վերադառնան հայրենիք: Մասնակիցները հարցեր ուղղեցին Րաֆֆի Հովհաննիսյանին նաեւ իրենց հուզող այլ թեմաների շուրջ: Օրակարգային այլ հարցերից բացի քննարկվեց նաեւ Մշակույթի նախարարության կողմից ստալինյան բռնաճնշումների մասին Թումանյանի թանգարանում կազմակերպած «Խավարում» ցուցադրությունը արգելելու որոշումը: Մասնակիցները խստորեն քննադատեցին պետական մարմնի այս որոշումը: Այս կապակցությամբ ընդունվեց հայտարարություն, որում Ավագ սերնդի միավորումը դատապարտեց ՀՀ մշակույթի նախարարության որոշումը արգելել «Խավարում» ցուցահանդեսը՝ դիտարկելով այն որպես անարգանք ստալինյան ռեժիմի միլիոնավոր զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների հանդեպ, որոնցից տասնյակ հազարավորները հայաստանցիներ էին: Ավագ սերնդի միավորման անդամ Լաուրա Մակարյանը ներկայացրեց ս.թ. հունիսի 6-12 Ճապոնիայի Կոբե քաղաքում տեղի ունեցած գերանտոլոգիական համաժողովը, որին նա մասնակցել է կազմակերպիչների հրավերով՝ ներկայացնելով իր ծրագիրը՝ ուղղված տարեցների ինտեգրմանը հասարակական, մշակութային եւ քաղաքական կյանքին: Ավագ սերնդի միավորման փոխնախագահ Ստելլա Մանուկյանը նաեւ տեղեկացրեց կազմակերպության անդամներին, որ Եվրոպայի ավագների միության` ԵԱՄ-ի (ESU – European Seniors Union) նախագահության կողմից քննվել եւ հավանության է արժանացել Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության դիմումը՝ անդամակցելու այդ կազմակերպությանը որպես դիտորդ անդամ: Ավագ սերնդի միավորում հասարակական կազմակերպության լրատվական ծառայություն