«Տեխզննման պատրվակով կաշառքն օրինականացրել են» (տեսանյութ)
Հայաստանում ավտոերթեւեկության մշակույթը լիովին բացակայում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ վարորդների շրջանում կատարած հարցումները հստակ պատկեր են ձեւավորում, որ ղեկի մոտ նստած են երթեւեկության կանոններից բացարձակապես գլուխ չհանող մարդիկ: «Մենք հարցումներ ենք սկսել վարորդների շրջանում, բոլորն ասում են՝ քշող չկա, բոլորն անիծում են, դժգոհում վարորդների որակից»,- ընդգծել է Տիգրան Հովհաննիսյանը: Պատճառն, ըստ նրա, վարորդական վկայականների վաճառքն է. 80 տոկոսով ղեկին նստելու թույլտվություն է ստանում յուրաքանչյուրը, որը կարողանում է վճարել. «Աճուրդի պես տարածված են վարորդական իրավունքի գները՝ 80- 120 000: Ոնց կարելի է վկայական ստանալ, առանց սովորելու»: https://youtu.be/ca40YZi-VBg Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ կաշառքն օրինականացվել է նաեւ տեխզննման կտրոնների միջոցով: Վարորդը պարտավոր է տարեկան 10000 դրամ վճարել տեխզննման կտրոնի համար, այն դեպքում, երբ ավտոմեքենան տեխզննում այդպես էլ չի անցնում: «Տեխզննման պատրվակով կաշառքն օրինականացրել են: Բանկի աշխատակցուհուն փող ենք տալիս, ասում մեր մեքենան զննի: էդ աղջիկն ի՞նչ կապ ունի զննելու հետ»,- նկատել է հասարակական կազմակերպության ղեկավարը: 2015 թվականի տվյալներով՝ ավտոճանապարհային պատահարների դեպքերով Հայաստանը աշխարհում երրորդ տեղում է։ 2017 թվականի վիճակագրական տվյալները ոստիկանությունը դեռ չի հրապարակել: