Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդային տարիների ավանդույթներից մեկը՝ Բժշկական համալսարանում

Հասարակություն
ara-nyut

ԽՍՀՄ տարիներին Հայաստանի  դպրոցներում մթնոլորտը, կրթությունն ու  դաստիարակությունը մի փոքր այլ էր։ Թերևս իր լավագույն հիշողությունները  «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը։ «Նախ պիտի նշեմ, որ դպրոցները ղեկավարվում էին Շրջկոմների ու Քաղկոմների կողմից, որտեղից և գալիս էին դպրոցների հանձնարարականները։ Օգոստոսյան կոնֆերանսների ժամանակ նախապատրաստվում էին նոր ուսումնական տարվան։ Դրա հետ մեկտեղ այդ կոնֆերանսների ժամանակ նախապատրաստվում էին նաև սեպտեմբերի 1-ին կազմակերպվելիք միջոցառմանը, որի ժամանակ ասմունքում էին բարձր դասարանցիները։ Այնպիսի վստահություն կար, որ  սեպտեմբերի 1-ին Շրջկոմից գրեթե ոչ-ոք չէր գալիս, այլ ներկա էր լինում դպրոցի տնօրենը։ Դպրոցի անձնակազմն ու դպրոցականները քայլերթով անցնում էին տնօրենի ու ուսումնական վարչության աշխատակիցների կողքով»։ Հենրիետա Սուքիասյանը իր ափսոսանքը հայտնեց, որ ԽՍՀՄ տարիների շատ ավանդույթներ վերացել են, իսկ ոմանք հիմա  պահպանվել են մի քանի դպրոցներում միայն, հիմնականում՝ գյուղական։ «Այդ տարիներին տասներորդցիները  դիմավորում էին առաջին դասարանցիներին ու ուղեկցում  դասարան։ Անգամ հիշում եմ, որ հենց տասներորդցիներն էին նստեցնում առաջին անգամ դպրոց մտնող երեխաներին։ Բոլորը կրում էին վզկապներ ու առանց վզկապների թույլ չէր տրվում, որ որևէ մեկը մտնի դպրոց։ Կային դպրոցական ջոկատներ ու ջոկատավարներ, ովքեր ընտրվում էին բարձր դասարանցիներից։ Նրանք պարտավոր էին ամբողջ տարին կազմակերպել միջոցառումներ, հետևում էին իրենց կցված դասարաններին ու ցածր դասարանցիներին։Այսօրվա պես հիշում եմ, որ դպրոցների միջանցքներում ծաղիկներ էին, որոնք հենց մենք էինք խնամում։ Այդ հրաշալի ավանդույթը ես հիմա իրականացնում եմ մեզ մոտ՝ Բժշկական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնում։Աշակերտների մեջ կային հերթապահներ, որոնք կրում էին կարմիր թևկապներ։ Նրանց պարտականությունների մեջ էր մտնում հետևել մաքրությանը, թույլ չտալ, որ միջանցքներում հրմշտոց ու աղմուկ լինի։ Մեզ անգամ թույլ չէին տալիս, որ պատուհաններից նայենք ներքև՝ դեպի փողոց։ Բոլորի հագուստները կոկիկ էին ու խնամված։Դասամիջոցներին աշակերտները ճեմում էին միջանցքում, զրուցում։ Այդ հրաշալի միջավայրը ստեղծում էր դպրոցը»։ pioner Հ.Սուքիասյանը իրեն երջանիկ է համարում, քանի որ բախտ է ունեցել այն տարիներին ստանալ փայլուն կրթություն. «Այդ տարիների կրթությունը  չես կարող համեմատել այսօրվա կրթության հետ։ Մենք դպրոց հաճախում էինք սիրով։ Դասարաններում գլուխ պահողներ չէին լինում, քանի որ բոլորը պատրաստ էին դասին։ Մեզ համար գիտակից ու խելացի քաղաքացի դառնալու ճանապարհը սկսվում էր դպրոցից, և մենք ամեն կերպ օգտագործում էինք այդ հնարավորությունը։ Գոյություն ուներ պարտադիր ուսուցում և ոչ-ոք չէր կարող խուսափել այդ ուսուցումից։ Ընկնում էին թաղամասերը, տները ու գտնում բոլոր նրանց, որոնք խուսափում էին դպրոց հաճախել։ Այդ տարիներին ամոթ էր համարվում, որ որևէ մեկը դպրոց չէր գնում։ Ուսուցիչները մեզ համար անհաս էին։ Մեր ու նրանց միջև կար անհաղթահարելի պատնեշ։ Ես այն երջանիկներից եմ, որ բախտ եմ ունեցել շփվել այդ դպրոցի հետ։ Ցավում եմ, որ չկարողացա իմ ուսուցիչներից որևէ մեկին մեկ հուշանվեր թողնել»։