Բուքմեյքերները ցածր են գնահատում մեր թիմի շանսերը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր 8-րդ անգամ կհանդիպի Դանիայի ազգային թիմի հետ: Մինչ այդ 5 անգամ հաղթել են դանիացիները, մեկ անգամ՝ մերոնք, իսկ մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված հանդիպումը ընտրական է, բայց միայն Դանիայի հավաքականի համար, որը շարունակում է պայքարը աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Դանիացիները 7 խաղից հետո վաստակել է 13 միավոր եւ Չեռնոգորիայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Հայաստանի ընտրանին արդեն դուրս է մնացել պայքարից, քանի որ չի կարող անգամ զբաղեցնել 2-րդ տեղը, որը անցումային խաղերին մասնակցելու իրավունք է տալիս: Բանն այն է, որ եթե մերոնք հաղթեն Դանիային, Լեհաստանին ու Ղազախստանին, իսկ մնացած խաղերում գրանցվեն ցանկալի արդյունքներ (Դանիան ու Չեռնոգորիան պարտվում են երկու խաղում, Ռումինիան հաղթում է դրանց, բայց զիջում՝ Ղազախստանին), միեւնույն է, մեր հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով ետ է մնում մրցակիցներից: Այդպիսով, Դանիան լուրջ նպատակներ ունի այս խաղում եւ ձգտելու է միմիայն հաղթանակի: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նրան մնում է խաղալ իր եւ երկրի հեղինակության համար: Վերջին հաշվով, երբ ետնապահը խառնվում է առաջատարների պայքարին, ապա այդ հանգամանքը քիչ արձագանք չի գտնում ֆուտբոլային աշխարհում: Մասնավորապես՝ Եվրոպայում այսօր քիչ չեն խոսում Լյուքսեմբուրգի հավաքականի մասին, որը աշխարհի առաջնության ընտրական խաղում գոլազուրկ ոչ-ոքի է արել Ֆրանսիայի հետ, այն էլ մրցակցի հարկի տակ: Դա նշանակում է, որ ֆրանսիացիները, որոնք իրենց խմբի ընդգծված առաջատարն էին, այդ սայթաքումից հետո պետք է դժվարին պայքար մղեն առաջին տեղը պահպանելու համար: Հայաստանի հավաքականի հաղթանակը մեծ անակնկալ են համարում նաեւ բուքմեյքերները, որոնք այն գնահատել են 9,80 գործակցով: Դանիայի ընտրանու շանսն այս հարցում 7 անգամ ավելի բարձր է: