Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը սպիտակ խաղաքարեր ընտրեց Լեւոն Արոնյանի համար (տեսանյութ)

Սպորտ
a1chess

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կմեկնարկի շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Մասնակից 128 շախմատիստները նոկաուտ մրցակարգով կորոշեն ոչ միայն հաղթողին, այլեւ եկող տարի նախատեսած հավակնորդների մրցաշարի վերջին մասնակցին: Այս տարի անչափ լարված պայքար է սպասվում շախմատի գավաթի համար, քանի որ թեկնածուների մեջ է նաեւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հենց նա էլ վիճակահանությամբ պարզել է, թե մասնակիցները որ գույնի խաղաքարով են սկսելու առաջին փուլը: Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը կմեկնարկի սպիտակներով: Մեր գրոսմայստերը առաջին փուլում քննության կենթարկի հարավաֆրիկացի Դենիել Կոուդերիին: Մեր երկրորդ մասնակից Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Բորիս Գրաչեւի հետ պայքարը կսկսի սեւ խաղաքարերով: Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտիայում հանդես կգա սպիտակ գույնով: Նրա մրցակիցն է իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը: Ամերիկահայ շախմատիստներ Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը նույն խաղաքարերով կմրցեն համապատասխանաբար Գերմանիայի ներկայացուցիչ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի եւ կանադացի Անտոն Կովալյովի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին: