«Դասախոսներն ստիպված են իրենց գոտիները ձգել»
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը «Ա 1 +»-ի հետ զրույցում փաստում է՝ դիմորդների թվի նվազումը առաջին հերթին կապված է դպրոցներում շրջանավարտների թվի պակասի հետ: «Անցյալ տարվա համեմատ դպրոցներում շրջանավարտների թիվը նվազել է: Հայաստանում դիմորդների 30 տոկոսը դիմել է Երևանի պետական համալսարան, իսկ ընդունվածների 31 տոկոսը ընդունվել է մեզ մոտ: Նույն ցուցանիշն է եղել նաև անցյալ տարի, երբ բոլոր դիմորդների 31 տոկոսը ընդունվել է ԵՊՀ»: Կ.Գրիգորյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք ազդել են ուսանողների թվի նվազման վրա: «Առաջնայինն իհարկե ծնելիության թվի նվազումն է, որից էլ կախված է շրջանավարտների թիվը: Դրանից զատ, ազդեցություն ունեն նաև միջազգային բուհերի մասնաճյուղերի բացումը Հայաստանում, որն իր հերթին բերում է նաև մրցակցություն, ինչպես նաև երիտասարդների շրջանում բարձրագույն կրթության հանդեպ հետաքրքրության անկումը»: Կարեն Գրիգորյանը ներկայացրեց նաև, թե դրական ու բացասական ինչ կողմեր կունենա ԵՊՀ-ի համար ուսանողների թվի նվազումը: «Մենք ամեն տարի հետևում ենք, թե ապագայում ինչ փոփոխություններ են լինելու, դիմորդների թիվն ինչքան է նվազելու, և տարիներ առաջ կանխատեսել էինք այս տարվա արդյունքները: Այս տարի ԵՊՀ ընդունվել է 2602 ուսանող, որը 300-ով պակաս է անցած տարվա ընդունվածների թվից և այդ թափուր տեղերը չեն լրացվելու: Ուսանողների թվի պակասը կբերի նրան, որ կսկսենք ավելի լավ աշխատել և դիմանալ մրցակցությանը: Բացասական առումով կվերանայվեն մի շարք դասաժամեր և դասախոսները ստիպված են իրենց «գոտիները ձգել», որ կարողանանք դիմակայել: Մենք կառավարում ենք մեր ֆինանսներն ու հստակ կարելի է նշել, որ ֆինանսական առումով ԵՊՀ-ն խնդիրներ չի ունենա»: Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան բուհեր ընդունվել է 1300-ով պակաս ուսանող, քան անցած տարի: