Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղնուկյանը դատարանին մեղադրեց հրահանգ կատարելու մեջ (տեսանյութ)

Հասարակություն
exnukyan-nkar

 Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր լսվում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքները։ Դիմողները դատարանից պահանջում են ճանաչել Կարո Եղնուկյանի իրավունքների խախտումները։ Փաստաբան Հայրապետյանը պնդեց՝ չկա որևէ ապացույց, ըստ որի՝ Կարո Եղնուկյանը օժանդակել է Սասնա ծռեր խմբին՝ ՊՊԾ գնդում պատանդներ պահելու հարցում։  «Եղնուկյանը հեռախոսազանգ է ունեցել Վարուժան Ավետիսյանի հետ, բայց Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում պատանդներ պահելու մեջ, որովհետև Վարուժան Ավետիսյանը պատանդներին բաց է թողել։ Եվ խրախուսման նորմի ուժով նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այսինքն՝ չկան պատանդներ պահող ապստամբներ, բայց Եղնուկյանին մեղադրում են որ նա օժանդակել է գոյություն չունեցող հանցագործությանը»,- հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Կարո Եղնուկյանը մեղադրվում է 5 տարբեր դրվագներով հանցագործություններ կատարելու մեջ։ Ըստ դրանցից մեկի՝ նա փորձել է իրավապահների գործողությունների նկատմամբ հանրության մեջ կասկածներ առաջացնել, մասնավորապես, Եղնուկյանն ինչ-որ մարդկանց նպաստել է տարածել տեղեկություն, թե Սասնա ծռեր խմբի անդամներին ոստիկանների հասցրած սնունդը թունավորված է եղել։    «Ապատեղեկատվություն տարածողները, ըստ վարույթն իրականացնող մարմնի, որևէ հակաիրավական գործունեություն չեն իրականացրել, բայց Եղնուկյանը, որ նպաստել է այդ ապատեղեկատվության տարածմանը, հանցագործություն է կատարել։ Սա անհեթեթ վարկած է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։ Տիգրան Հայրապետյանը հայտարարեց նաև՝ ի պատասխան իրենց բազմաթիվ հարցումների, Եղնուկյանի գործով քննիչը չի տրամադրել մեղադրանքների հիմքում դրված ապացույցները։ Դրանք կարող էին նպաստել ընդդիմադիր գործչին առաջադրված մեղադրանքները հերքելուն։ Այնուհետ, երբ փաստաբանը հայտարարեց Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների մասին, դատավոր Մարինե Մելքոնյանն ընդհատեց պաշտպանին՝ խնդրելով մնալ բացառապես բողոքի տեքստի սահմաններում։ Սա առաջ բերեց Կարո Եղնուկյանի զայրույթը։  «Դուք հրահանգ եք ստացել, թե ինչ որոշում կայացնել, խնդրում եմ դու էլ մի շարունակի»,- հայտարարեց Եղնուկյանը։ Դատավոր Մարինե Մելքոնյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ ներկայացված փաստերը բավարար են բողոքները բավարարելու համար. «Դեռ այդպեսի գործ չի եղել, որ մենք պահանջենք գործի նյութերը, մեզ չտրամադրեն»։ Դատարանը որոշումը կհրապարակվի վաղը։