Միջազգային գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է․ ՀԲՃ
Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և տվել են իրենց մանրամասն գնահատականները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Իրենց կատարած այդ ուսումնասիրությունների հիման վրա նրանք ներկայացրել են նաև համատեղ ամփոփ եզրակացությունը և խորհուրդները, որը վերնագրված է հետևյալ կերպ․ «Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին» Փորձագետների ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները: Ներկայացնենք նաև փորձագետների համատեղ ամփոփագրի շեշտադրումները․ «Պոտենցիալ ազդեցությունները Ամենակարևորը սույն տեղանքից այն է, որ թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազատման զգալի ռիսկ կա, որը դեռ երկար կշարունակվի հանքարդյունաբերության դադարեցումից հետո: Չնայած առաջարկվող հանքի փակումից հետո ԹԱՀԴ-ի գոյացման կանխարգելման համար Լիդիանի առաջարկած միջոցներին՝ այս ռիսկը առկա է: Տեղանքը ներառում է կենդանիների և բույսերի կարևոր կենսաբազմազանությամբ արեալ: Ստորգետնյա ջրերի մակարդակում կանխատեսված (մոդելավորված) փոփոխությունները (օրինակ՝ մինչ 60 մ պակասումը), աղբյուրների և առուների հունի փոփոխությունը և նվազումը հանքի տարածքում և դրա շրջակայքում զգալի ծավալի են: Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում կանխատեսվում է խոռոչների շրջակայքում գտնվող աղբյուրների ջրի որակի վրա բերիլիումի, կոբալտի, նիկելի և նիտրատի զգալի ազդեցություն: Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում զգալի ազդեցություն է կանխատեսվում նաև Որոտան գետի մոտակա ստորգետնյա ջրերի որակի վրա: Սպանդարյան-Կեչուտ թունելի ստորգետնյա ջրերի ներհոսքի վրա կանխատեսվող ազդեցությունը նույնպես ամենայն հավանականությամբ զգալի է: Ոչ բավարար երկրաքիմիական փորձարկում
- Պահանջվում են հանքակազմի, երկրաքիմիական և թթվահիմնային հաշվառման զգալիորեն ավելի շատ փորձարկումներ՝ թթվային ապարների դրենաժի ցուցանիշների և ժամանակի ընթացքում դրանց զարգացման կանխատեսման համար: Այդ փորձարկումները պետք է ներառեն զգալի քանակի երկարատև լաբորատոր կինետիկ փորձարկումներ և փորձնական ծավալի դաշտային փորձարկումներ:
Մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակ
Կանխատեսվում է, որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել նիտրատ, սելեն, արծաթ, յուղ և ճարպ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ:
Դատարկ ապար
Թթվագոյացնող ապարների նմուշների կինետիկ փորձարկումը դադարեցվել է մինչև առավելագույն կամ կայուն վիճակի կոնցենտրացիաների հասնելը, ուստի, մոտակա առվակների և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ողջամիտ հաշվարկներ չեն կարող արվել:
Շատ «արագ հագեցող» թթվային և մետաղական կոնցենտրացիաները ցույց են տալիս ջրի որակի այն տեսակը, որը կարող է առաջանալ դատարկ ապարների լցակույտի, բացահանքերի և կույտային տարրալվացման հարթակի հողմնահարված նյութերից ձյան հալոցքից կամ անձրևահեղեղից հետո:
Վերին և ստորին հրաբխային ապարներից արտազատված մկնդեղի նախնական կոնցենտրացիաները զգալի էին, ընդ որում՝ մի դեպքում մկնդեղի կոնցենտրացիան 20 անգամ ավելի բարձր էր, քան խմելու ջրի համար սահմանված՝ ԱՄՆ, Եվրոպական Միության, Ավստրալիայի, Կանադայի և Հարավաֆրիկյան չափանիշները:
Կույտային տարրալվացում
- Պետք է կատարվեն մթնոլորտ արտանետվող սնդիկի, այդ թվում՝ ակտիվ կույտերից, ածխածնի սյուներից, ածխածնի վերագոյացումից առաջացող սնդիկի, սնդիկի թորման հաշվարկներ, իսկ աշխատակիցների և շրջակա միջավայրի համար սնդիկի արտանետումները սահմանափակելու նպատակով պետք է առաջարկվեն սնդիկի պարփակման մեթոդներ: Ի լրումն դրա, պետք է հաշվարկվի Արփա գետում և կույտային տարրալվացման հարթակից դեպի ներքև թեքության ստորգետնյա ջրերում սնդիկի կոնցենտրացիան՝ կույտային տարրալվացման դեպի ներքև ջրահեռացման կանխատեսվող կոնցենտրացիաների շարքի կիրառմամբ:
- Պոտենցիալ թթվագոյացնող ստորին հրաբխային ապարների պատիճավորումը վերին հրաբխային դատարկ ապարներում պետք է փորձարկվի որպես թթուների և մետաղների արտազատման վերահսկման միջոց:
- Հանքի շահագործման ժամանակ նախատեսվող թթվային դրենաժի մշակման համար պետք է օգտագործվի զտիչով կրի գործարան: Այդ ընթացքում հանքի փակման ժամանակ ջրի որակի վերաբերյալ կանխատեսումները պետք է բարելավվեն, իսկ պասիվ մշակման համակարգի նախագիծը պետք է փորձարկվի, եթե հիմնավորված է:
- Բիոքիմիական ռեակտորի դեպքում (պասիվ մշակում), որը նախատեսված է սուլֆատը հեռացնելու համար, պետք է ցույց տրվի, թե դրանով ինչպես կարելի է հասնել արտազատման իրենց երկարաժամկետ նպատակներին, քանի որ Ամուլսարի նախագծի համար այդ համակարգերը չեն փորձարկվել:
- Առաջարկվող պասիվ մշակման հղկման փուլը (սուլֆիդային քերիչի և թթվածնի կենսաբանական պահանջի հանում) հատկապես՝ սուլֆիդի հեռացման գործընթացի երկարաժամկետ կատարողականությունը և կենսունակությունը, պետք է ներկայացվեն:
- Լիդիանը պետք է ցույց տա, որ այս համակարգերը կարող են հուսալիորեն շահագործվել ամբողջ տարվա ընթացքում տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակ, և որ իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցները բավարար չափով կոմպետենտ կլինեն՝ այս համակարգերը տեխնիկապես սպասարկելու, խափանումները հայտնաբերելու և համապատասխան ուղղիչ գործողություններ մշակելու համար: Ընկերությունը կամ կառավարությունը պետք է ցույց տան, որ ռեսուրսներ ունեն այս համակարգերը նվազագույնը 100 տարի շահագործելու և տեխնիկապես սպասարկելու համար, ինչն այն նվազագույն ժամանակն է, որի ընթացքում նրանք հավանական է, որ պետք է շահագործվեն:
- Կույտային տարրալվացման հարթակի հանքի փակումից առաջ և փակումից հետո դրենաժի մշակման համար պետք է տրամադրվի ակտիվ և պասիվ մշակման համակարգերի նախագիծ:
- Հայաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային փորձագիտական եզրակացության համար՝ Ամուլսարի նախագծի իրականացումից առաջացող ԹԱԴ-ի ռիսկերը գնահատելու համար:
- Անհրաժեշտ են լրացուցիչ սեզոնային տվյալներ և հանքախոռոչների նախատեսված եզրագծի շրջագծով մեկ լրացուցիչ ջրհորներ կամ սեղմաչափեր՝ հանքարդյունաբերության ժամանակ մայր ապարի մեջի ստորգետնյա ջրերի դեպի բացահանք ներհոսքի հավանականությունը գնահատելու համար: Քանի որ բացահանքից արտահոսքը իր ուղին կհարթի դեպի աղբյուրի ջրերը, թե՛ աղբյուրները, թե՛ ստորգետնյա ջրերը 50 և ավելի տարի պետք է մշտադիտարկվեն թե՛ տեղանքից դուրս, թե՛ տեղանքում:
- Հանքի փակումից հետո արտանետումների պատճառած վնասի հատուցման համար իրավական պատասխանատվությունը պետք է պարզվի և փաստաթղթավորվի: Սույն պատասխանատվությունը պետք է մեղմի Լիդիանի սննանկության կամ հանքի վաճառքի պատճառած վնասները:
- Ընկերությունում կամ կառավարությունում թթվային ապարների դրենաժի կառավարման պլանի կիրառման համար հստակ պատասխանատվություն չի սահմանված: Մասնավորապես, սահմանված չէ շահագործման ժամանակ բարձր ռիսկայինության ստորին հրաբխային դատարկ ապարների նույնականացումը և տեղադրումը ջրային ռեսուրսների պահպանությանը համապատասխան ապահովելու համար պատասխանատվություն: Սա պետք է շտկվի: