Երաժշտության լեզուն չի թարգմանվում. դիլիջանյան ճամբար (տեսանյութ)
«Երիտասարդների համար լեզուն, որով իրար հասկանում են և շփվում՝ երաժշտության լեզուն է։ Ռուսերենով ու անգլերենով էլ կարելի է շփվել, բայց երաժշտական լեզուն թարգմանության կարիք չունի։ Նման համատեղ միջոցառում Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը վաղուց չի անցկացվել», -ասում է կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը կազմակերպել է հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների երաժշտական ճամբար: Վարպետության դասերի շարքում երիտասարդ երաժիշտների հետ հանդիպեց նաև դաշնակահար Վահագն Հայրապետյանը: «Աշխարհում նման տեղ չես գտնի, որ ամեն քոթեջում ու նույնիսկ ճաշարանում ռոյալ լինի, էլ չեմ խոսում բնության մասին։ Սա ժառանգություն է, որ պետք է պահել պահպանել»,- ասաց դաշնակահարը։ Արամ Սաթյանը վստահ է, որ եթե մարդ մեծ ցանկություն ունի, անպայման այն կիրագործի: Իսկ նրա մեծ ցանկությունն է, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը վերածնվի, դառնա միջազգային փառատոնների ու երաժշտական հանդիպումների անցկացման վայր: Երաժշտական ճամբարը կեզրափակի գալա համերգը կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անունը կրող դահլիճում, որի ժամանակ երիտասարդ երաժիշտները կկատարեն իրենց տարեկից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ավելին՝ տեսանյութով