«ՀՅԴ-ն պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն» (տեսանյութ)
Հայաստանին խիստ անհրաժեշտ է սոցիալիստական շարժում եւ սոցիալիստական ընդդիմություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ ավելացնելով. «Իշխանության մարմիններում, շահերի իրականացման տեսանկյունից, ՀՀ աշխատավոր հատվածն ու մտավորականությունը ներկայացված չէ: Այդ իմաստով կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը. ՀՅԴ-ն կամ պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն, պահպանողական կուսակցությունը վերադառնա ընդդիմադիր դաշտ, կամ հակառակը: Դրա համար հիմա երկրում կարգուկանոն չի հաստատվում: ՀՀԿ հետ թող լինեին լիբերալ, պահպանողական կուսակցություններ, բլոկը կլիներ սեփականատերերի կուսակցություն, դա շատ նորմալ կլիներ»: Ըստ նրա՝ եթե իր նախանշած ուղով չընթանանք, ապա որեւէ հաջողություն չի լինի: Ինչ վերաբերում է Արեւմուտքի կողմից ՌԴ նկատմամբ սանկցիաների կիրառմանը, ապա պարոն Շիրինյանի համոզմամբ՝ այս պահի դրությամբ ՌԴ-ն Արեւմուտքի նկատմամբ 1/20 հարաբերակցության մեջ է՝ քայքայված տնտեսությամբ, գիտությամբ, նանոտեխնոլոգիաների բացակայությամբ. «Հիմնականում միջուկային զենքն է ու Խորհրդային տարիներից մնացած զինտեխնիկան: ՌԴ անկումը մեզ համար ձեռնտու չէ, քանի որ դա խիստ ապակայունացնել տարածաշրջանը: Դրա համար մեզ պետականություն է պետք ու դաշնակիցներ: Դաշնակիցները գալիս են այն պետությանը օգնելու, որոնք պետություն ու արժեք են ներկայացնում, մնացած պարագայում՝ 1915թ. հիշեք՝ ոչ մեկն էլ չի օգնում, հետո սկսում են ցավակցական հեռագրեր ուղարկել»: