«Հանրային պաշտպանը պահեք Սերժ Սարգսյանի եւ իր բանդայի համար». Ժ. Սեֆիլյան (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մի քանի րոպե մասնակցեց իր գործով դատավարությանը։ Նրան բերում են դահլիճ՝ հանրային նոր պաշտպան ներգրավելու վերաբերյալ կարծիք հարցնելու։ Այդ պաշտպանը Էմիլ Բեգլարյանն է։ «Ես որևէ անձնական պրոբլեմ չունեմ պարոն Բեգլարյանի հետ, հարգում եմ նրան՝ առանց ճանաչելու նույնիսկ: Ձեր տեսակետը մեր իրավունքների, այս դեպքում՝ իմ իրավունքների խախտում է, այն դեպքում, երբ իմ պաշտպանները, ոչ թե բացակայում են, այլ Դուք՝ Ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով, թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հորդորում է անհիմն հայտարարություններով հանդես չգալ. «Նրանք բազմիցս դատական նիստերում հայտարարել են, որ ընդունել են ձեր անօրինական հանձնարարությունը եւ չեն մասնակցելու դատական նիստերին, քանի դեռ հեռացված եք նիստերի դահլիճից»:
Շարունակությունը լինում է դատավորի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վիճաբանությունը. «Հիմա թույլ տալի՞ս եք խոսել, թե՞ չէ»,- հարց տվեց Ժիրայր Սեֆիլյանը:
«Թույլ տվեք ավարտեմ նոր»,- ասաց դատավորը:
«Շուտ ավարտեք, երկար եք խոսում»,- հակադարձեց Ժիրայր Սեֆիլյանը:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը հայտարարում է, որ հրաժարվում է հանրային պաշտպանից. «Լավ կլինի՝ այդ ռեսուրսը պահեք Սերժ Սարգսյանի եւ իր բանդայի համար»:
Հայտարարությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը դուրս է գալիս։ Նա դեռ հեռացված է նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու համար:
Նախորդ դատական նիստում դատավորը որոշել էր ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ նաեւ Ներսես Պողոսյանի համար գործով ներգրավել հանրային պաշտպան:
«Ես ունեմ պաշտպաններ՝ Արայիկ Պապիկյան, Նինա Կարապետյանց, որոնց անօրինական ձեւով հեռացրել եք, ուրիշ պաշտպան չեմ ուզում, ուրիշ լեզու, եթե կա, ասեք, ասեմ, թող պարզ լինի»,- ասաց Ներսես Պողոսյանը:
Չնայած առարկություններին՝ դատավորը որոշում Էմիլ Բեգլարյանին ներգրավել որպես պաշտպան: Փաստաբանը միջնորդում է դատական նիստը հետաձգել, որպեսզի նա կարողանա տեսակցություն ունենալ Ներսես Պողոսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ նրանց դիրքորոշումը ճշտելու համար: «Եթե նրանք ներկայանան առանձնատեսակցության կամ չներկայանան, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ձեւաչափով եմ այս քրեական գործի նիստերին մասնակցելու»,- ասաց Էմիլ Բեգլարյանը:
Գործով անցնող 7 ամբաստանյաներից միայն Հովհաննես Պետրոսյանն է մասնակցում նիստին: Մյուսները Ժիրայր Սեֆիլյանի պես հեռացված են ոտքի չկանգնելու համար։
Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու մեջ: Բացի այդ հոդվածից, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ: Նույն հոդվածով մեղադրվում է նաեւ Գեւորգ Սաֆարյանը:
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 18-ին: Իսկ դատարանի բակում «Հայ կանանց ճակատ»-ի նախաձեռնության անդամներն այսօր ակցիա էին իրականացնում:
«Զենք եմ պահանջում, որ երկիրն ազատագրեմ այս բանդայից»,- ասում էր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը: Որոշ ժամանակ կանգնելուց հետո նրանք հավաքեցին իրենց պաստառները եւ հեռացան: