Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հասնում է 300-ի (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում 12-ամյա միջնակարգ կրթության պարտադիր լինելու օրենսդրական պահանջը։ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով՝ նախկին պարտադիր 9-ամյա կրթությունից 12-ամյայի անցումը նպատակ ունի հնարավորություն տալ պատանիներին կրթություն ստանալու ավագ դպրոցներում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` նրանց ևս երեք տարով պահելով կրթական համակարգում մինչեւ 19 տարեկանը։ Օրենսդրական նորմը կյանքի կոչելու համար՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև ԿՏԱԿ-ի հետ համատեղ սեպտեմբերից իրականացնելու է ծրագիր, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերումն ու նրանց դպրոց ուղղորդումն է։ «Համակարգը փորձնական իրականացվելու է Լոռու մարզում, ամփոփումից հետո 2018-ին այն կներդրվի ամբողջ հանրապետության տարածքում», - տեղեկացրեց Աշոտ Արշակյանը։ Նա ընդգծեց, որ Կրթության և գիտության նախարարությունը վերահսկելի է դարձնում այն երեխաներին, որոնք գոնե մեկ անգամ հաճախել են դպրոց, մինչդեռ խնդիր կա հավաքագրելու և վերահսկելի դարձնելու նաև այն երեխաների տվյալները, ովքեր ընդհանրապես են դուրս մնացել կրթությունից կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չեն շարունակել այն։ Հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն էլ նշեց, որ կրթութունից դուրս մնացած երեխաների խնդիրը լուծելը միայն ԿԳՆ-ի պարտավորությունը չէ։ «2015-2016թթ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հասնում է 300-ի։ Նրանց մեծ մասն այն երեխաներն են, որոնց ծնողները չեն ուղարկում դպրոց՝ պատճառաբանելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը; Հաշվի առնելով, որ գործ ենք ունենալու սոցիալական ծանր իրավիճակում գտնվող երեխայի հետ, ԿԳՆ-ից բացի ներգրավվելու է նաև Սոցիալական հարցերի նախարարությունը», - տեղեկացրեց նա։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ մանրամասնեց, թե ինչպես է իրականցվելու գործընթացը. «Սեպտեմբերի 10-ին բոլոր դպրոցները հստակ ունենում են հրամանագրված առաջին դասարանցիների ցանկը։ Սեպտեմբերի 10-ից հետո համակարգը ցույց է տալու այն երեխաներին, որոնք 2011-ին ծնվել են ՀՀ-ում, բայց որևէ դպրոցում չեն ներկայացվել։ Հայաստանում գործող սոցիալական դեպք վարողների ինստիտուտի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի ունենալ հստակ վիճակագրություն դպրոց չհաճախած երեխաների վերաբերյալ։ Նաև կհստակեցվեն, թե ինչ պատճառներով այդ երեխաները առաջին դասարան չեն հաճախել»։ Ի դեպ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում կա ծնողների թյուրըմբռնման խնդիր։ «Մեր երկրում դպրոց պետք է հաճախեն 6 տարին լրացած երեխաները, մինչդեռ ծնողներն այդ տարիքում չեն ուղարկում դպրոց՝ պատճառաբանելով, թե փոքր է», - նշեց Աշոտ Արշակյանը։