«Դա ի՞մ մեղադրանքն է, թե՞ Ժիրայր Սեֆիլյանինը» (տեսանյութ)
Ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման հայտնի քրեական գործով ամբաստանյալ Արթուր Մովսիսյանը նույնիսկ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը ընթերցելուց հետո չի հասկանում թե ինչում է մեղադրվում. «Դա իմ մեղադրանքն էր, թե Ժիրայր Սեֆիլյանի, 40 անգամ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների անունները եղավ, մի անգամ իմ անունը եղավ: Ես չեմ հասկանում ինչ կապ ունեմ այդտեղ, շենք- շինություններ էի գրավո՞ւմ Մոսկվայում»,- այսօր դատարանում հայտարարեց Արթուր Մովսիսյանը: Ըստ մեղադրանքի՝ նա 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց: Արթուր Մովսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Պաշտպանական կողմն այսօր ինքնաբացարկ հայտնեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, որը մերժվեց: Պաշտպան Արայիկ Պապիկյանն միջնորդություն ներկայացրեց նաեւ գործն ընդհատության կարգով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու եւ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների հետ համատեղ քննելու համար: « Երկու գործերով էլ պետք է հարցաքննվեն նույն անձինք, հետազոտվեն նույն ապացույցները եւ այդ ամենը պետք է կատարվի երկու անգամ»,- պարզաբանեց պաշտպանը: Դատավոր Հովհաննես Ավագյանն այս միջնորդությունն էլ մերժեց: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նաեւ միջնորդեց վերացնել տեսակցությունների եւ հեռախոսային զանգերի վրա դրված արգելանքը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը դեմ էր միջնորդությանը՝ նշելով, որ գործով անցնող բոլոր անձինք դեռ չեն բացահայտվել: Սա առաջացրեց պաշտպանի դժգոհությունը: «Գուցե դատախազությունը եւ քննչական մարմինը 10 տարի չի կարողանում բոլորին բացահայտի, ինչ անենք 10 տարի պահենք: Պետությունը ինչո՞ւ է իր անզորությունը քողարկում Արթուրի տեսակցությունները սահմանափակելով»,- ասաց Արայիկ Պապիկյանը: Դատավորն, չնայած դատախազի դեմ լինելուն, վերացրեց տեսակցությունների վրա դրված արգելքը: Վաղն արդեն հարազատները կարող են տեսակցել նրան: Ի դեպ, այսօրվա նիստին ոչ դատավորի ներս մտնելուց եւ ոչ էլ հայտարարություն անելուց Արթուր Մովսիսյանը ոտքի չէր կանգնում. «Ձեր անձի հանդեպ ոչ մի բան չունեմ, բայց դատարանի հանդեպ ունեմ»,- ասաց նա: Դատավորը պարբերաբար նախազգուշացում էր կիրառում, բայց չհեռացրեց դահլիճից։ Իսկ նիստից հետո Արթուր Մովսիսյանը պաշտպանի միջոցով հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ինչու չի հարգում դատարանին: «Որը կատարում է վերեւից իջեցված պատվեր, անկախ չէ, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, թքած ունեն քաղաքացու իրավունքների վրա եւ առաջնորդվում են սեփական բարեկեցությունը ամեն գնով պաշտպանելով: Հարգելով այս դատարանին կնշանակի ընդունել իշխանությունը զավթած եւ երկիրը կաթվածահար արած ռեժիմին»,- հայտարարության մեջ գրել էր Արթուր Մովսիսյանը: Դատական հաջորդ նիստին՝ օգոստոսի 14-ին, ցուցմունք կտան գործով վկաները: