«Փաստաբանների պալատը հեծանիվ է հայտնագործում, որի կարիքը չունենք» (տեսանյութ)
Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունը իրավական առումով զրոյական արժեք ունի. կարծում է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Սա ուղղված է այն փաստաբանների դեմ, ովքեր հրաժարվում են խուզարկվել, ինչը օրենքով ամրագրված է: Պետք չէ դրա շուրջ նոր հեծանիվ հայտնագործել: Իրենք դրանով են զբաղված: Դատական դեպարտամենտը եւ Փաստաբանների պալատը նոր հեծանիվ է հայտնագործում, որի կարիքը մենք չունենք»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Համատեղ հայտարարությամբ երկու կառույցների ղեկավարությունը փորձում են լուծում տալ «Սասնա ծռերի» եւ մյուս հնչողություն ունեցող գործերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերին։ Ըստ հայտարարության՝ եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել։ Եթե կրկին ազդանշան է տալիս, ապա փաստաբանի պահանջի դեպքում զննությունը կարող է կատարվել առանձին սենյակում: Կարգադրիչները, ըստ հայտարարության, իրավունք չունեն փաստաբանի պայուսակը կամ իրը զննելու դեպքում որեւէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: « Ապօրինի ճանապարհով փորձեցին լեգիտիմացնել այն ապօրինությունը, որը տեղի է ունենում դատարանում եւ կարգադրիչներին ավելի լայն հնարավորություն տան, որպեսզի ինձ եւ իմ մյուս գործընկերներին, ովքեր չեն խուզարկվում, ցույց տան այդ փաստաթուղթը՝ ավելի ճիշտ թուղթը»,- ավելացնում է փաստաբանը: Հայտարարությունը, Արայիկ Պապիկյանի խոսքերով, անհրաժեշտ էր նաեւ Փաստաբանների պալատին. «Եթե ցանկություն եւ նպատակ կա պատժել, հղում կատարեն այդ իրավական զրո արժեք ունեցող փաստաթղթին»: Մեկ տասնյակից ավելի սանկցիաներ ունեցող փաստաբանին, սակայն դա չի մտահոգում: «Շարունակելու եմ աշխատել օրենքով սահմանված կարգով եւ շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով»- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: Ի տարբերություն նրա՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն հայտարարությունը համարում է Դատական դեպարտամենտի հետ ջենտլմենական պայմանավորվածություն։ Բայց նույնիսկ այս պարագայում կողմերի միջեւ կան հակասություններ: Փաստաբանների պալատը գտնում է, որ օրենքով արգելված իրերի ցանկ պետք է լինի, իսկ Դատական դեպարտամենտը հակառակ կարծիքի է։ Ըստ նրանց՝ ցանկ պետք չէ եւ պետք է հնարավորություն լինի, որ իրենք տվյալ պահին որոշեն՝ դա արգելված իր է, թե՝ ոչ։