Ջերմուկը՝ չակերտավոր մեգապոլիս
Կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի ինն ամսում տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 190 մլն 693․5 հազար դրամ: Այս գումարը անհրաժեշտ է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար։ Ըստ նախարար Դավիթ Լոքյանի` նախատեսվում է հանրապետությունում ստեղծել փոքր մեգապոլիսներ: Մասնավորապես, այդ գումարով նախատեսվում է Ջերմուկի աջափնյա թաղամասի բակային տարածքների բարեկարգում և բակային ճանապարհների ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում և բնակելի շենքերի տանիքածածկույթի շինվերանորոգման աշխատանքներ: «Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս ա»,- կատակով հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բայց չակերտները չմոռանաք»,- շեշտեց Դավիթ Լոքյանը: