Սասնա ծռերի անդամը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն արդեն 11 օր է՝ հացադուլի մեջ է։ «Ընդհանուր վիճակը բավարար կգնահատեմ այս պահի դրությամբ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վարդան Գերավետյանը: Վարդան Գերավետյանը մի շարք պատճառներով է հացադուլ հայտարարել։ Նա բողոքում է իրենց խցերում մշտական խուզարկությունների, ինչպես նաեւ Սասնա ծռերի նկատմամբ վերաբերմունքի դեմ։ «Պահանջները՝ իրենց քաղբանտարկյալ ճանաչել, և ոչ միայն Սասնա ծռերին, այլև մի շարք այլ բանտարկյալների՝ Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին եւ այլն: Նա նաեւ պահանջում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Սասնա ծռերի անդամներին տեղափոխել այլ խցեր, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ ընդհարումներից խցակիցների հետ: Թեեւ այս պահի դրությամբ նման խնդիր չկա արձանագրված»,-ավելացնում է պաշտպանը: Վարդան Գերավետյանը նաեւ պահանջում է մարտի 16-ին մահացած Արթուր Սարգսյանի մասով քննություն իրականացել եւ պարզել քննիչների եւ դատավորների որոշումների օրինականությունը։ Ի դեպ, մի քանի օր առաջ բժշկին թույլ չեն տվել այցելել Վարդան Գերավետյանին՝ պահանջելով Արաբկիր բժշկական կենտրոնի թոքաբանից լիցենզիա: ՔԿՀ-ում հրաժարվել են հիմք ընդունել բժշկական կենտրոնի տնօրենի տրամադրած տեղեկանքը։ Պաշտպանը հարցը փորձել է բարձրացնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի մոտ. «Նա եւս անդրդվելի է, եւ ասաց, որ այդ փաստաթուղթը իր համար ոչինչ է այն հիմքով, որ գրությունը ուղղված է ոչ թե իրեն, այլ ինձ»: Վարդան Գերավետյանի մոտ բացի բրոնխիտից, ախտորոշվել է նաեւ հյուսվածքային խպիպ. «Նշանակումներ արվեցին, որոշակի դեղամիջոց նշանակվեց, որը Վարդան Գերավետյանը չընդունեց այդպես էլ, հենց այդ դեղը ձեռք բերվեց Վարդանը հացադուլ էր հայտարարել եւ բնականաբար հնարավոր չէ այդ դեղամիջոցն օգտագործել»,- ասում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Բացի Վարդան Գերավետյանից, հացադուլ է սկսել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը: Իսկ այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են հղել Սասնա ծռերի անդամներին՝ հորդորելով դադարեցնել հացադուլը: Ըստ նրանց՝ հացադուլը շարունակելը կվնասի միայն հացադուլավորների առողջությանը, մինչդեռ նրանք պետք է ուժ հավաքեն՝ պայքարը շարունակելու համար: