Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորին համոզել են չդիմել հացադուլի

Հասարակություն
kalanavor

10 տարի 8 ամիս կալանավայրում իր պատիժը կրող Ռոման Գեւորգյանին նույնիսկ  ՔԿՀ վարչությունն է մերժել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Կոշ» ՔԿՀ-ում իր պատիժը կրողը, վարչությունը ոչ նպատակահարմար է գտել իր պատժի կրման տեսակը բաց ռեժիմով փոխարինելու դիմումը:  Նա մերժումն այսօր է ստացել:    Հիշեցնենք, որ  անկախ հանձնաժողովի կողմից վաղաժամկետ ազատ արձակումը մերժելուց հետո «Կոշ» ՔԿՀ-ի  ղեկավարությունը դիմել էր   Քրեակատարողական  վարչություն՝ պատժի կրման տեսակը բաց ռեժիմով փոխարինելու  համար: Ռոման Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ  դիմումը ստանալուց հետո  այսօրվանից մտադիր է անժամկետ հացադուլ եւ ջրադուլ սկսել, մինչեւ իր հարցին լուծում չտրվի: Բողոքի ծայրահեղ քայլից նրան հետ չի պահում նաեւ  առողջական բազմաթիվ խնդիրներ ունենալը: Ավազակային հարձակման համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռոման Գեւորգյանին տանը սպասում են հաշմանդամություն ունեցող Արցախյան պատերազմի մասնակից  հայրը, հղի կինը եւ  երեք անչափահաս երեխաները: Նրա պաշտպան Արա Զաքարյանն էլ «Ա1+»-ին փոխանցեց, որ հերթական անգամ Ռոման Գեւորգյանը դարձել է կամայականության զոհ. «Մի դեպքում ուրիշներին բաց են թողնում, իսկ նրա ռեժիմը հրաժարվում են փոխել»: Պաշտպանը նշեց, որ բարձրաձայնելու են այս ամենի մասին եւ ցույց են տալու, թե ինչպես է կոռուպցիան ծաղկում Քրեակատարողական վարչությունում: Ավելի ուշ Արա Զաքարյանին ու հարազատներին հաջողվել է համոզել Ռոման Գևորգյանին՝ հրաժարվել հացադուլի մտքից, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի ու 2 օրից պետք է բժշկական հետազոտության ենթարկվի։