Արցախում կունենանք ձիթապտղի պլանտացիաներ, իսկ հացահատիկի կեսը կարտահանվի. Արցախպրես
Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին: «Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը: Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր: «Արցախում արտադրած հացահատիկի ուղիղ կեսն արտահանում ենք. 20 հազար տոննան արտահանվում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Սակայն հայտնի է, որ մեր հողօգտագործողները, իրենց անհատական նախաձեռնությամբ իրենք են ուղիղ կապով վաճառք իրականացնում: Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ հացահատիկ են տեղափոխում ՀՀ. դրանց իրականացման համար պետությունը հոգում է մի շարք ծախսեր: 60-70 հազար տոննա մենք հացահատիկ ենք արտահանում. բերքի 60-70 տոկոսը եգիպտացորեն է, 50-ը՝ ցորեն ու գարի: Քանի որ այս տարի մենք ամբարել ենք շուրջ 150 հազար տոննա հացահատիկ, բնականաբար, ավելանալու են նաև արտահանման ծավալները»,-ասել է Ա. Մխոյանը: