Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն՝ ընդդեմ նախկին աշխատակիցների և հակառակը

Քաղաքականություն
sapc

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում անառողջ մթնոլորտ չկա. այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՍԱՊԾ պետ  Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշատակից Նարեկ Մանթաշյանի ծառայության վերաբերյալ տարածված լուրերին: Նա մեղադրում էր ծառայության պետին՝ իրեն անհիմն աշխատանքից ազատելու մեջ: Իշխան Կարապետյանը վստահեցրեց, որ բոլոր գործընթացներն իրականցվում են միայն օրենքի շրջանակներում. «Նարեկ Մանթաշյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ես ուրախ եմ, որ մարդիկ իրանց տեսակետը հայտնում են, բայց վերջին շրջանում տարածված լուրերը ապատեղեկատվություն են եւ դա մեր կողմից լավ չի գնահատվում»,- ասաց Իշխան Կարապետյանն ու հավելեց, որ ՍԱՊԾ-ն պատրաստվում է այս հարցով դիմել դատարան՝ արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար: Հիշեցնենք օրերս աշխատանքից ազատվել է ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը և այս հարցով դիմել վարչապետին բաց նամակով։ Սա միակ դեպքը չէ։ Ավելի վաղ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելով՝ դիմել է դատարան և առաջին ատյանում ՍԱՊԾ դեմ հայցը շահել:  Ինչ վերաբերում է ՍԱՊԾ դիրքորոշմանը, ապա, ըստ Գեորգի Ավետիսյանի, այս կառույցը չունի հակափաստարկներ խայտառակ գործունեության վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին։ «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անդրադառնալով ծառայության նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանիս կողմից հնչեցված մեղադրանքներին, հարկ է համարել միայն հնչեցված մեղադրանքները դիտարկել որպես ապատեղեկատվություն և զրպարտում, ինչն էլ փորձել է հիմնավորել միայն այն հանգամանքով, որ պատրաստում է հայցադիմում դատարան,- դեռ երեկ գրել էր Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում:- Հատկանշական է նաև, որ սեփական գործարար համբավի մասին իբրև մտածող կառույցը չի ներկայացրել, թե ծառայության հասցեին հնչեցված մեղադրանքներից որոնց հետ համամիտ չէ՝ այդպիսով հասարակությանը թողնելով միայն ծառայության հասցեին հնչեցված մեղադրանքների մասով տեղեկացվածության հարթությունում. ո՞ր փաստերն են խեղաթյուրված, որո՞նք չպետք է ազդեն ծառայության վարկանիշի և գործարար համբավի վրա»: