Քաղաքացին ընկել է Դեբեդ գետը
Հուլիսի 17-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտ քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն ................. SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։ Այս պահին ժամանում են Ալավերդու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Թումանյան բաժնի օպերատիվ խումբը։ Քաղաքացիները նույնպես որոնում են կնոջը, սակայն կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա ջրահեղձ է եղել։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղից էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ Շնող գյուղ է ժամանում քննչական խումբը։