«Մլադոստը» ֆուտբոլային դաս տվեց «Գանձասար-Կապանին»
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Կապանի «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում ընդունեց Չեռնոգորիայի «Մլադոստին»: Մեր թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը զգուշավոր մարտավարություն ընտրեց խաղի սկզբից, չնայած առաջնորդվելով առաջին հանդիպման արդյունքից (0:1), հարկավոր էր ակտիվ գործել եւ գոլ խփել: Արդյունքում, «Մլադոստն» օգտվելով «Գանձասար-Կապանի» պասիվությունից, երկրորդ խաղակեսի վերջնամասում արագ հակագրոհներ ձեռնարկեց եւ երեք գնդակ խփեց: Ճիշտ է, կապանցիներն առաջին գոլը բաց թողնելուց հետո հեռահար հարվածով գրավեցին մրցակցի դարպասը, սակայն շվեյցարացի մրցավարները չարձանագրեցին այն: Ինչեւէ, «Մլադոստը» 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ եւ վստահ մտավ հաջորդ փուլ, իսկ «Գանձասար-Կապանը» պետք է կրկին մեկ տարի պայքար մղի, որպեսզի կրկին իրավունք ստանա մասնակցելու եվրոպական խաղերին: