Լեւոն Արոնյանը 11 հազար եվրո վաստակեց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտված Grand Chess Tour-ի հերթական փուլում տեղ զբաղեցրեց աղյուսակի միջնամասում: Այսօր կայացած կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ հատվածում մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր: Ցավոք, նա մեկնարկում երկու անընդմեջ պարտություն կրեց, հակառակ դեպքում Լեւոն Արոնյանը կարող էր պայքարել մրցանակային 3-րդ տեղի համար: Ինչեւէ, մեր շախմատիստը 36 հնարավորից վաստակեց 18,5 միավոր եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Նա կստանա 11 հազար եվրո պարգեւավճար: Այս փուլում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 25,5 միավոր, իսկ իր կարողաությունը հարստացրեց եւս 37.500 եվրոյով: Grand Chess Tour-ի հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 12-ը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում: