Ո՞վ կդառնա ժողովրդի «աչքի լույս»-ը (տեսանյութ)
Հայաստանում աղքատության մակարդակը «աղքատիկ կառավարման» արդյունքն է. հետեւաբար, ըստ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի, պետք է օգտագործել ոչ թե աղքատության կրճատում, այլ հաղթահարում տերմինը։ Ըստ կառավարության ծրագրի՝ 5 տարուց աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս։ Լարիսա Ալավերդյանը համարում է , որ աղքատությունը առավել արդարության դրսեւորում է, կոռուպցիայի հետեւանք, քան տնտեսական ցուցանիշ։ Նրա կարծիքով՝ պետք է կառավարման ձեւն ու մեթոդները փոխվեն, որպեսզի հանրության համար իրատեսական լինի ծրագրի իրագործումը։ Նա չի հիշում դեպք, որ վերջին 25 տարվա ընթացքում որեւէ մեկը պատասխան տված լինի ձախողումների համար։ Հոծ գիծը անցնելու համար մեզ տուգանում են, իսկ ո՞վ պետք է տուգանի իշխանություններին՝ խոստումները չկատարելու համար,- հարց է տալիս նա՝ միաժամանակ տեղին համարելով հիշեցնել, որ անտարբերությունից ագրեսիա անջրպետը շատ փոքր է։ Ընդհանրապես, Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ էական չէ, թե ով կլինի վարչապետը , կարեւորը քաղաքականությունն է եւ արդյունքը։ Ընդդիմությունը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը, այդ դեպքում էլ նա նույնը կասի՞. «Ա1+»-ի դիտարկմանը՝ Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Այդ անձը կարծես թե ասել է, որ չի առաջադրվելու…»։ Ապա հիմնավորեց, որ , իրոք, կարեւոր չէ նույնիսկ ինչպես է ընտրվել, այլ այն. «որ լավ աշխատի եւ դառնա ժողովրդի աչքի լույսը»։ Բայց նաեւ փաստ է, ով չի ընտրվում, նա ժողովրդի հանդեպ իր պարտքը չի կատարում։ Ի դեպ. Լարիասա Ալավերդյանին զարմացրել է հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները կառավարության ծրագիրը որակում են «գրագետ շարադրված»։ Մի՞թե նախորդներն այդպիսին չէին,- զարմանում է նա։