Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել

Հասարակություն
arayik

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց: Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը համարձակություն կունենա հրապարակել այդ մասին. «Նրանք նախապես անձի նկատմամբ հոգեբանական ճնշում են սկսել՝ մինչեւ դատարան բերելը, որպեսզի Արայիկ Խանդոյանը չխոսի, չարտահայտվի, դատարանում ի պաշտպություն իրեն ոչինչ չանի: Դա պատահական չէ: Արայիկ Խանդոյանին չեն էլ ասել, որ պատժախուց են տանելու: Երբ նա դատարանից վերադարձել է, նրան խուց չեն տարել, ընդ որում, նա բուժմասում էր գտնվում, բժշկի խնամքի տակ էր, գլխացավեր, երիկամների ցավեր, նաեւ՝ հաշմանդամ է: Իրեն ամբողջ օրը բացարձակապես ոչինչ, ոչ մի սնունդ չեն տվել:Արայիկ Խանդոյանը բավականին ցածր ճնշում է ունեցել, ինքնազգացողությունը շատ վատ է եղել: Խնդրել է՝ իրեն տալ դեղերը, սակայն դրանք Արայիկ Խանդոյանին տվել են ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում: Սա ուղղակի Արայիկ Խանդոյանին լռեցման ձեւ է: Առանց այդ էլ, նա մնում է անմարդկային պայմաններում, դա արդեն պատիժ է, եւ սա, ըստ էության, 2-րդ պատիժն էր»: Արայիկ Պապիկյանը պատահական չի համարում այն, որ երեկ էլ դատավորը սանկցիա կիրառեց ու 6 ժամով Արայիկ Խանդոյանին դատարանից հեռացրին. «Այստեղ հստակ սցենար կա, հավանաբար նույն սցենարը մյուսների մասով էլ կլինի: Դատարանի դահլիճում էլ իրավիճակն այնպիսինն է, որ ես երեկ ընդամենը մեկ մետր էի հեռու Արայիկ Խանդոյանից, սակայն հնարավորություն չեղավ իմանալ արգելված իրի խնդրի մասին: Մենք չէինք կարողանում միմյանց հետ շփվել, քանի որ դատական նիստն անընդհատ ընդմիջվում էր, նիստը րոպեներ էր տեւում»: Պաշտպան Պապիկյանը վաղն առավոտյան եւս պատրաստվում է տեսակցել Արայիկ Խանդոյանին՝ անհանգստանալով նրա առողջությամբ: