Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրատար է լցվում կոյուղին, կատու, շուն, աղբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
paraqar-nkar

Գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչների կյանքից անպակաս են։ «Սա խոլերայի բուն ա: Հոտը բա հոտը, իրիկունը քամին սկսվեց տես ինչ ահավոր հոտ ա գալիս, գիշերը չենք կարողանում քնել»,- ասում է Զինա Սադյանը։ Շրջակա հողամասերին ոռոգման ջուր հասցնող Փարաքարի Շատրլու ջրանցքը կորցրել է իրական նշանակությունը՝ դառնալով կոյուղաջրերի հեռացման միջոց և աղբավայր։ Տիկին Զինան ասում է. «82 թվականին մենք եկել ենք էստեղ, էս ջուրը շատ մաքուր ա եղել, երեխաները մեջը լողանում էին, ձուկ էին բռնում, շատ ընտիր ջուր էր, հողամասերը նորմալ ջրում էին, բայց մի քանի տարի անցավ, շենքերի կանալիզացիաները լցվեցին մեջը»։ Գյուղի տարածքում աղբամաններ չկան, ու չնայած ամենօրյա աղբահանություն է կատարվում, բնակիչները նախընտրում են աղբը ջրատարը նետել։  «Էնա գրել ենք պահպանել մաքրություն, բայց ժողովուրդը չի պաշտպանում։ Ժողովուրդը խոզ են պահում, անասուն են պահում, կատու են քցում, շուն են քցում, ինչ ասես քցում են մեջը։ Մարդիկ ավտոների մեջ զիբիլ են դնում, գալիս են անցնելիս գցում մեջն ու գնում»,- ասում է Զինա Սադյանը։ Աղբավայրի են վերածվել նաև հողամասերը, որտեղ միրգ ու բանջարեղեն են աճեցնում։ Կեղտոտ ջրերն իրենց հետ տարբեր առարկաներ են բերում։  «Էս զիբիլը որ եկել ա, կանալի ջրից ա եկել, հիմա էս մարդը ի՞նչ անի։ Որ էստեղ ջրվի, մարդը կուտի՞»։ Փարաքարցիները պնդում են՝ ջրանցքի մաքրումն ու հարակից շենքերի համար կոյուղագծեր կառուցելը մեծ գումարների հետ է կապված, ուստի սեփական միջոցներով չեն կարող իրականացնել։ Հարցը Կառավարության միջամտության կարիքն է զգում։ Հայկուհի Հովհաննիսյանն ասում է. «Պետք է իրականացնել կոյուղագծերի կառուցում նախ և առաջ, որպեսզի կոյուղաջրերը չլցվեն Հրազդան գետի ջրանցքը աղտոտեն։ Փակցված են ամենուրեք՝ աղբ թափել չի կարելի, բայց թող լինեն տուգանքներ»։ ՍևաԿ Ծատուրյանը թվարկում է արվելիք քայլերի հերթականությունը. «Առաջին լուծումը, որ ջուրը կտրվի, մաքրվի ջրատարը, կոյուղիներ անցկացվեն, որ էլ ոչ մի տեղից կոյուղի չլցվի ջրատարի մեջ ու բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տարվի, որ կենցաղային աղբը չնետեն ջրատարի մեջ»։ Բնապահպանության նախարարությունից սկսած մինչև «Վեոլիա ջուր»՝ բնակիչները մերժումներ են ստացել, նրանց տեղեկացրել են՝ իրենք իրավասու չեն ու չեն կարող ջրանցքը կարգի բերել։ Վարչապետի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագիրը ոգևորել է բնակիչներին, ու նրան երկու նամակ են ուղղել։ Սևակ Ծատուրյանը նշում է. «Որ արդեն հստակ պատասխաններ տվեք, գործողություններ ու ժամկետներ, որովհետև էդ ցրողական պատասխանները արդեն վաղուց չեն անցնում, հասկանում ենք ինչ եք անում։ Ու եթե խոսում եք Մաքուր Հայաստանից, էստեղից ա սկսվում մաքուր Հայաստանը»։ Բնակիչների խոսքով՝ հերթական անգամ կառավարությունից պատասխան չստանալու պարագայում, կդիմեն առավել կտրուկ միջոցների։