Էստոնիան շահագրգռված է տեսնել գործընթացի արագ ավարտը. Սվեն Միկսեր
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ Հայաստանում է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Հնարավոր է, որ հենց այդ ընթացքում Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի ունենա. «Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: Լավ կլիներ ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Շատ բան կախված է նաեւ Հայաստանից»: Սվեն Միկսերը նշեց, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը և հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի հենց այդ ժամանակ: Հայաստան-Էստոնիա հարաբերությունները քննարկելով՝ արտգործնախարարները նկատել են, որ հատկապես տնտեսական, առևտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ. «Մենք կարող ենք ավելին անել, քան մինչեւ հիմա արել ենք»: