«Սասնա ծռեր» խմբի անդամի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել (տեսանյութ)
Կալանավայրում գտնվող՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: « Մի քանի օր առաջ նա գանգատվել է կոկորդի հատվածում ցավերից:Մենք դիմեցինք ՔԿՀ՝ համապատասխան ստուգում իրականացվեց եւ նախնական ախտորոշում տրվեց՝ խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն՝ կիստոզ, որի բնույթը դեռեւս պարզված չէ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպանը պահանջում է, որ ՔԿՀ-ն արագ արձագանքի եւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կոնկրետ 6 օր է անցել նախնական ստուգումից հետո, դեռեւս տեղից չեն շարժվում, բայց դա շատ հրատապ լուծման հարց է: Պատկերացնում եք նորագոյացությունը ինչ երեւույթ է, օրերի հարցն է նույնիսկ վճռորոշ լինում»: Մինչ դատապարտյալների հիվանդանոցում ստուգում անցնելը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վարդան Գերավետյանին հետազոտել է վիրաբույժը: «Պատկերացրեք վիրաբույժը եկել էր ստուգման, խցից պատուհանի միջով ընդամենը անցկացնելով իր ձեռքը, շոշափելով փորձել էր ախտորոշում կատարել»,- ավելացրեց պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամը կալանավայրում նաեւ ատամների հետ կապված խնդիր է ունեցել, մինչդեռ ՔԿՀ-ի ատամնաբուժական կաբինետում ռենտգեն սարքավորում գոյություն չունի։ Վարդան Գերավետյանը մտածել է՝ ինչպես լուծել ՔԿՀ-ի ատամնաբուժարանի վերազինման հարցը։ Նա փաստաբանին փոխանցել է իր գաղափարը։ Ըստ Վարդան Գերավետյանի՝ եթե ՀՀ 2 միլիոն չափահաս քաղաքացիներ նվիրաբերեն 1 դրամ` արդյունքում 2 միլիոն դրամով կլուծվի ռենտգեն սարքավորում ձեռք բերելու հարցը: