Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ Չեռնոգորիա – Հայաստան. Սկզբունքային խաղ երկու թիմերի համար

Սպորտ
sport1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի թվով վեցերորդ հանդիպումը: Մեր թիմը Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում ուժերը կչափի Չեռնոգորիայի ազգային թիմի հետ: Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի կողմերի համար: Չեռնոգորիայի հավաքականն Եվրոպայի ընտրական 5-րդ խմբում այժմ 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Հայաստանի ընտրանին չնայած գտնվում է 5-րդ հորիզոնականում, սակայն մրցակցին զիջում է ընդամենը մեկ միավոր: Դա նշանակում է, որ երկու թիմերին էլ ձեռնտու միայն դրական արդյունքը: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած թիմերի անդրանիկ խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ էին տարել մեր ֆուտբոլիստները: Չեռնոգորիայի ընտրանին, ինքնին, կձգտի ռեւանշի հասնել այդ պարտության դիմաց, սակայն դա այնքան էլ դյուրին գործ չի լինի նրա համար: Նախ՝ Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս վերջին ժամանակներին եւ արդեն երեք անընդմեջ հաղթանակ է տարել Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Երկրորդ՝ Չեռնոգորիայի ընտրանին հաջող չի խաղում սեփական դաշտում. աշխարհի առաջնության ընտրական փուլում իր հարկի տակ անցկացրած 12 հանդիպումներում թիմը տարել է ընդամենը 3 հաղթանակ: Չնայած սույն փաստերին, բուքմեյքերային ընկերություններն ավելի շատ հավատում են չեռնոգորացի ֆուտբոլիստների հաղթանակին՝ 1,60 գործակից՝ Հայաստանի հավաքականի 6,12-ի դիմաց: Չեռնոգորիա – Հայաստան ընտրական հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական խումբը՝ Կեւին Ռայմոնդ Բերնի Բլոմի գլխավորությամբ: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին եւ կցուցադրվի հանրային հեռուստաալիքով: