Մոսկվայի «Արարատը» ակտիվացնում է գործունեությունը
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ խմբում հանդես եկող Մոսկվայի «Արարատը» վերջերս բավականին ակտիվ տրանսֆերային գործունեություն է ծավալել: Ակումբն անցած մեկ շաբաթվա մեջ պայմանագիր է կնքել տասնյակ ֆուտբոլիստների հետ: Նրանք են Ռուսաստանի հավաքականի նախկին անդամներ Ռոման Պավլյուչենկոն եւ Ալեքսանդր Ռեբկոն,, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին խաղացողներ Դմիտրի Ռիժովը եւ Սերգեյ Ռեւյակինը, մոսկվայի տորպեդոյական Վիկտոր Զեմչեմկովը, Միխայիլ Պոպովը, Հայաստանի տարբեր թիմերում հանդես եկած Արտակ Ալեքսանյանը, Իվան Մամախանովը, Սերգեյ Ավագիկմյանը, Թեյմուրազ Օզդոեւը, Կոնստանտին Մորոզովը: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 45-ամյա մասնագետ Սերգեյ Բուլատովը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի «Արարատի» նման ակտիվությունը տրանսֆերային շուկայում: Պատճառն այն է, որ գալիք 2017-18 թթ մրցաշրջանից թիմը հանդես է գալու Ռուսաստանի առաջնության 2-րդ խմբում, որն արդեն համարվում է արհեստավարժ մրցաշար: Նշենք, որ ակումբը հայկական արմատներ ունի եւ ստեղծվել է այս տարի: Այն հայտարարել է նոր տարբերանշանի եւ մարզազգեստի մրցույթ: